«Ռեյգանի ռազմավարական պաշտպանության նախաձեռնության տեսլականը»․ ԱՄՆ-ն 1-ին անգամ փորձարկել է «Ոսկե գմբեթ»-ը

Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջին անգամ փորձարկել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, հայտնել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

Հեգսեթի խոսքով՝ փորձարկումը հաջող է եղել։

«Այսօր Ամերիկայի կողմից «Ոսկե գմբեթի» առաջին փորձարկումը լիակատար հաջողված առաքելություն էր, և ես պատիվ ունեի դա անձամբ տեսնելու… Նախագահ Թրամփն իրականություն է դարձնում նախագահ Ռեյգանի ռազմավարական պաշտպանության նախաձեռնության տեսլականը… «Ոսկե գմբեթը» իրական է, հզոր և ճիշտ ուղու վրա է»,- գրել է պատերազմի նախարարն X-ում։

«Ոսկե գմբեթը» Միացյալ Նահանգների համար նախատեսված բազմաշերտ հրթիռային պաշտպանության համակարգ է, որը նախատեսված է բալիստիկ, հիպերձայնային և թևավոր հրթիռները հայտնաբերելու և ոչնչացնելու համար դրանց արձակումից առաջ կամ թռիչքի ընթացքում։

2025 թվականի հունվարի 27-ին նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր՝ հանձնարարելով պաշտպանության նախարարին ներկայացնել «Երկաթե գմբեթ Ամերիկայի համար» (հետագայում՝ «Ոսկե գմբեթ») համակարգի ծրագիրը։ Այն նախատեսված է եղել շահագործման հանձնել մինչև նրա պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Սկզբնական անվանումը վերաբերել է Իսրայելի կարճ հեռահարության «Երկաթե գմբեթ» համակարգին, սակայն «Ոսկե գմբեթն» ընդգրկում է ամբողջ Երկիր մոլորակը՝ ավելի շատ նման լինելով 1983 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից առաջարկված ռազմավարական պաշտպանության նախաձեռնությանը։

Leave a comment