ԱՄՆ-ում առաջարկվել է սոցիալական ապահովության համակարգի բարեփոխում իրականացնել՝ 1.5 տրլն դոլար ներդնելով ֆոնդային շուկայում, հայտնում է CNBC-ն։ Նախաձեռնությունը նպատակ ունի կանխել նպատակային ֆոնդերի սպառումը, որը կարող է տեղի ունենալ արդեն 2032 թվականին՝ սպառնալով տասնյակ միլիոնավոր քաղաքացիների վճարումների լայնածավալ կրճատմամբ։
Ծրագրի հոգաբարձուների վերջին զեկույցի համաձայն՝ եթե իշխանությունները չմիջամտեն, կենսաթոշակների վճարման համար նախատեսված պահուստները կսպառվեն 2032 թվականի չորրորդ եռամսյակում, որից հետո պարտավորությունների ծածկույթը կնվազի մինչև 78%։
Բարեփոխման ծրագիրը նախատեսում է ստեղծել առանձին ներդրումային հիմնադրամ՝ 1.5 տրլն դոլար ծավալով և հնգամյա ժամկետով։ Սպասվում է, որ 65-70 տարվա ընթացքում բաժնետոմսերում ներդրված միջոցները կծածկեն համակարգի չապահովված պարտավորությունների մինչև 65%-ը։
Միևնույն ժամանակ նախատեսվում է գումարները ներգրավել փոխառությունների միջոցով, որոնք կպահվեն էսքրոու հաշիվներում, ինչն, ըստ նախաձեռնության հեղինակների, չպետք է մեծացնի պետական պարտքը։
«Բոլոր ռիսկերը կրում է հիմնադրամը, իսկ մարդիկ կստանան իրենց խոստացված վճարումները», – նշվում է նախաձեռնության մեջ։
Նմանատիպ մոդել նախկինում արդեն հաջողությամբ կիրառվել էր երկաթուղայինների դաշնային կենսաթոշակային համակարգի բարեփոխման ժամանակ, երբ թույլատրվել էր միջոցները ներդնել մասնավոր արժեթղթերում։
Սակայն Բոստոնի քոլեջի կենսաթոշակային հետազոտությունների կենտրոնի փորձագետները զգուշացնում են, որ բաժնետոմսերում ներդրումները կարող են արդյունավետ լինել միայն անհապաղ միջոցների հետ համատեղ, ինչպիսիք են հարկերի բարձրացումը կամ արտոնությունների կրճատումը։ Հակառակ դեպքում կառավարությունը կարող է բախվել պարտքի դիմաց խոշոր տոկոսային վճարումների, իսկ ֆոնդային շուկայի ապագա եկամտաբերության անկանխատեսելիությունը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում բյուջեի համար։