Կապան համայնքի ղեկավարի կիրակնօրյա այցերը՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղեր

Համայնքի ղեկավարը իր աշխատանքային շրջայցերը գյուղական բնակավայրեր շարունակել է նաև կիրակի օրը՝ լինելով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և Ծավ գյուղերում։

Ճակատեն գյուղում համայնքի ղեկավարը բնակիչներին է ներկայացրել վարչական նոր ղեկավար՝ Էդիկ Խաչատրյանին, ապա, օգտվելով հանդիպման առիթից, զրուցել գյուղացիների հետ և տեղում ծանոթացել նրանց կողմից բարձրացված խնդիրներին ու առաջարկություններին։ Քննարկման առանցքում գյուղամիջյան և անտառամիջյան ճանապարհների բարեկարգման, փողոցային լուսավորության ընդլայնման, աղբահանության բարելավման, մասնավորապես՝ լրացուցիչ աղբամանների ավելացման հարցերն էին։

Այցի շրջանակում համայնքի ղեկավարը ծանոթացել է նաև համայնքային բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքին։ Շիկահող և Սրաշեն գյուղերում վերանորոգվում են հանդիսությունների սրահները, իսկ Ծավ գյուղում՝ ակումբի շենքը, որոնց շահագործմամբ տեղի բնակիչների համար կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ համայնքային, մշակութային և հասարակական միջոցառումների կազմակերպման ու անցկացման համար։

Ամփոփելով կիրակնօրյա շրջայցը՝ համայնքի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ բարձրացված հարցերի լուծման և իրականացվող ծրագրերի պատշաճ որակի ապահովման ուղղությամբ։

Վերոնշյալ ծրագրերի իրականացման համար համայնքային բյուջեից հատկացվել է՝

Շիկահող գյուղի հանդիսությունների սրահի նորոգում/46 340 000 ՀՀ դրամ/

Շինարարական կազմակերպությունը՝ Ա/Ձ Դավիթ Գրիգորյան

Սրաշեն գյուղի հանդիսությունների սրահի նորոգում/19 438 000 ՀՀ դրամ/

Շինարարական կազմակերպությունը՝ Ա/Ձ Դավիթ Գրիգորյան

Ծավ գյուղի ակումբի շենքի նորոգում/37 260 000 ՀՀ դրամ/

Շինարարական կազմակերպությունը՝ «Բերձոր Շին Ք․Շ» ՍՊԸ և Ա/Ձ Դավիթ Գրիգորյան կոնսորցիում

Leave a comment