Ուղիղ եթերում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո քրեական վարույթ չի նախաձեռնվել

Քաղաքականություն

23.06.2026 | 19:07

Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«Դեռևս հաղորդում չենք ստացել»,- ասաց Ավդալյանը։

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել հրապարակային՝ ավագանու նիստի ուղիղ հեռարձակման ընթացքում։ Դատախազությունից փորձեցինք ճշտել՝ արդյոք ուսումնասիրվել են հրապարակումներն ու տեսանյութերը, սակայն առայժմ պատասխան չենք ստացել։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ինչն ավարտվեց ծեծկռտուքով։ Այդ պահին նիստը վարում էր փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Դահլիճ հրավիրվեցին անվտանգության աշխատակիցներ, իսկ նիստն ընդմիջվեց 30 րոպեով։ Սակայն դահլիճից դուրս՝ միջանցքում, կրքերը չհանդարտվեցին։

Միջադեպի մասնակիցներին փորձում էր հանդարտեցնել նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ծեծկռտուքի ընթացքում վնասվածք է ստացել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։ Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Factor TV-ի հետ զրույցում հայտնել է, որ Տեր-Եսայանը դիմել է բժշկական օգնության։

Արփի Հակոբյան

Leave a comment