ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Հունիսի 18-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների մայրաքաղաքային ստորաբաժանումների ղեկավարների խորհրդակցությունը՝ միտված անչափահասների իրավունքների պաշտպանության և նրանց անվտանգության ապահովման հարցերին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հայկ Հարությունյանը և նույն վարչության անձի հետախուզման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Աղվան Գրիգորյանը։
Մասնակցել են նաև ներքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից։
Խորհրդակցությունը վարել է Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Բիշքեկ քաղաքի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ազամատ Տոկտոնալիևը։
Քննարկումների ընթացքում մասնակից պետությունները ներկայացրել են անչափահասների իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգության ապահովման, ինչպես նաև այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությանն առնչվող հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային փորձի փոխանակմանը, արդյունավետ գործելակերպերի ուսումնասիրմանը և անչափահասների պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքի զարգացմանը։
Ելույթով հանդես է եկել նաև ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը։ Նա կարևորել է անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության դերը՝ ընդգծելով փորձի փոխանակման, օպերատիվ տեղեկատվության հասանելիության և գործընկերային կապերի ամրապնդման նշանակությունը։
Խորհրդակցության շրջանակում ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են Բիշքեկ քաղաքի ներքին գործերի մարմինների մի շարք ստորաբաժանումներ՝ փորձի ուսումնասիրման նպատակով։
Խորհրդակցության ավարտին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության պետ Հայկ Հարությունյանը Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից պարգևատրվել է շքանշանով։