Գրիգոր Պըլտեան. «Լեզուն կտիրապետե քեզ, դու միայն կթաքնվես բառերի տակ»

Ժամանակի մասին սովորաբար խոսում են որպես մի բանի, որն անցնում է։ Գրիգոր Պըլտեանի համար ժամանակը ավելի հաճախ այն է, ինչը մնում է՝ մարդկանց պատմությունների, լեզվի, հիշողության եւ չավարտված հարցերի մեջ։
Ժամանակակից արվեստի ինստիտուտում Գրիգոր Պըլտեանը Նազարեթ Կարոյանի հետ զրույցում խոսել է պատմության, լեզվի եւ գրականության մասին։ 
Սակայն խոսակցությունը գրականության դաշտով չէր սահմանափակվում։ Այն ավելի լայն փորձ էր՝ հասկանալու, թե ինչպես է մարդը գոյատեւում պատմական ցնցումներից հետո, ինչպես են հիշողությունները վերածվում պատմության, իսկ պատմությունը՝ գրականության։
Պըլտեանի եւ Կարոյանի երկխոսությունը բացեց Ժամանակակից արվեստի ինստիտուտի «Մշակույթի լուսաբանում․ միջազգային փորձ» ծրագիրը, որի նպատակը մշակույթի մասին գրելու, վերլուծելու եւ քննադատական մտածողության հմտությունների զարգացումն է։ Եվ պատահական չէր, որ ծրագրի առաջին հանդիպման թեման ժամանակն էր։ 
Մշակույթի մասին գրելն, ի վերջո, միշտ էլ փորձ է հասկանալու ոչ միայն այն, ինչ տեղի է ունենում, այլ նաեւ այն, ինչ մնում է տեղի ունեցածից հետո։
«Մենք ապրում ենք անստույգ ժամանակներում», – ասաց Պըլտեանը՝ խոսելով պատերազմների, գլոբալ ճգնաժամերի եւ արհեստական բանականության առաջացրած նոր իրականության մասին։
Նրա խոսքով՝ դեռ կես դար առաջ մարդկությունը հավատում էր, որ պատմությունն ունի ուղղություն, որ աշխարհը շարժվում է դեպի ինչ-որ հորիզոն։ Այսօր այդ վստահությունը գրեթե վերացել է։
Բայց եթե ապագան մշուշոտ է, ապա ի՞նչ է մնում մարդուն։ Պըլտեանի պատասխանը գրականության լեզվով էր ձեւակերպված. մնում են հիշողությունը, պատմությունը եւ դրանք հասկանալու փորձը։
Գրիգոր Պըլտեանը, որն ավելի քան վեց տասնամյակ ապրում է Փարիզում, խոստովանեց, որ իր համար լեզուն երբեք պարզապես հաղորդակցության միջոց չի եղել։ 
«Լեզուն տուն չէ այն իմաստով, ինչպես սովորաբար հասկանում ենք տունը», – ասաց նա։ «Մարդը լեզուն չի ընտրում։ Նա ծնվում է արդեն գոյություն ունեցող լեզվի մեջ»։ 
Սակայն գրականությունը, նրա համոզմամբ, սկսվում է հենց այն պահին, երբ գրողը դադարում է բավարարվել այդ պատրաստ լեզվով։ 
«Ամեն գրող պետք է ստեղծի իր լեզուն նույն լեզվի ներսում», – շեշտեց Գրիգոր Պըլտեանը։
Այդ միտքը Պըլտեանը կապեց Խաչատուր Աբովյանի հետ։ Երբ Աբովյանը գրում էր «անլեզու ժողովրդի» մասին, նա չէր պնդում, թե ժողովուրդը բառեր չուներ։ Խոսքը ստեղծագործական լեզվի բացակայության մասին էր։
«Ժողովուրդը լեզու ուներ։ Բայց ստեղծագործելու լեզուն ուրիշ բան է», – ասաց նա։
Նազարեթ Կարոյանը հիշեցրեց, որ 20-րդ դարի երկրորդ կեսին շատերը հավատում էին պատմական առաջընթացի գաղափարին, այն համոզմանը, որ մարդկությունը շարժվում է դեպի որոշակի նպատակակետ։
Պըլտեանը համաձայնեց, որ այդ պատկերացումն այսօր փլուզված է։ Նրա խոսքով՝ 1960-70-ականներին դեռ հնարավոր էր մտածել, թե պատմությունը որոշակի ուղղություն ունի, սակայն մեր ժամանակները նշանավորվում են անորոշությամբ։ 
Այս համատեքստում, նրա կարծիքով, առավել կարեւոր է դառնում մտածողության եւ արվեստի դերը։ «Արվեստը պատասխաններ չի տալիս, այն թույլ է տալիս հարցերը պահել կենդանի», – նկատեց Պըլտեանը։
Հատուկ տեղ ուներ ցեղասպանության եւ հիշողության թեման։ Նազարեթ Կարոյանը հարցեց, թե ինչպես կարելի է գրել մի փորձառության մասին, որը գրողն անձամբ չի ապրել, բայց որը շարունակում է ձեւավորել նրա ինքնությունը։
Գրիգոր Պըլտեանը պատասխանեց, որ ինքը երբեք չի փորձել ներկայացնել ցեղասպանությունը որպես սեփական փորձառություն։ Նրա խոսքով՝ իր ծնողներն են եղել աղետի անմիջական կրողները, իսկ իրեն փոխանցվել են պատմություններ, հիշողություններ եւ հետքեր։
«Իմ փորձառությունը նրանց պատմություններն են», – ասաց նա։ Գրողի խնդիրը, ըստ Պըլտեանի, ոչ թե ուրիշի ցավը յուրացնելն է, այլ հասկանալը, թե ինչպես է այդ հիշողությունը փոխանցվել հաջորդ սերունդներին։
«Գրողի համար անգրելի բան գոյություն չունի», – հավելեց նա։ «Եթե ասում ես՝ սա հնարավոր չէ գրել, ուրեմն այլեւս գրողի տարածքում չես»։
Պըլտեանը մի քանի անգամ վերադարձավ այն մտքին, որ գրականությունը նախեւառաջ ազատության տարածք է։
Նրա խոսքով՝ գրողը չի կարող ստեղծագործել, եթե իրեն պարտավոր է զգում ծառայել որեւէ գաղափարի, համայնքի կամ նույնիսկ հայրենիքի։
Նա հիշեցրեց Դանիել Վարուժանի նամակներից մեկը, որտեղ բանաստեղծը գրում էր, որ հայրենիքը երբեմն կարող է չափազանց ծանր բեռ դառնալ արվեստագետի համար։
«Արվեստագետը նախ մարդ է, նա պետք է ունենա ազատությունը՝ գրելու այն, ինչ անհրաժեշտ է համարում», – ասաց Պըլտեանը։
Նազարեթ Կարոյանը, իր հերթին, նկատեց, որ փոքր մշակույթներում այդ հարցը հատկապես բարդ է։ Ազգային պատմությունը հաճախ ոչ միայն ինքնության աղբյուր է դառնում, այլեւ՝ սահմանափակում։
«Պետք չէ միայն կրկնել արդեն գոյություն ունեցող բառերը։ Պետք է ստեղծել նոր բառեր, նոր հասկացություններ, նոր լեզու», – ասաց նա։ 
Նազարեթ Կարոյանը նկատեց, որ հայ մշակութային պատմության մեջ լեզուն հաճախ ընկալվել է որպես ինքնապահպանման գլխավոր միջոց, սակայն, նրա խոսքով, միայն լեզուն բավարար չէ։
«Արեւմտյան Հայաստանը որպես պետություն չձեւավորվեց։ Սա եւս մեկ ցուցիչ է, որ լեզուն, որքան էլ կարեւոր լինի միտք ձեւավորելու եւ այն պահպանելու համար, ինքնին բավարար չէ, եթե գործողության չի վերածվում», – ասաց Գրիգոր Պըլտեանը։
Նազարեթ Կարոյանի դիտարկմամբ՝ հենց այդ խզումն է հետաքրքիր՝ բառի եւ գործի, խոսքի եւ իրականության միջեւ։ 
«Գրականությունը, իմ պատկերացմամբ, կապված է պատմելու անհնարինության հետ։ Բայց նաեւ՝ այդ անհնարինությունը գրանցելու, փոխանցելու անհրաժեշտության», – ասաց նա՝ հարցնելով, թե ինչ է նշանակում նման պայմաններում գոյատեւող լեզուն։ «Արդյո՞ք դա արխիվ է։ Ի՞նչ է դա»։
Պըլտեանի պատասխանը կարճ էր. «Գանձ է։ Գանձ»։
Վերջում Գրիգոր Պըլտեանը խոսում էր լեզվին ամբողջությամբ տիրապետելու պատրանքի մասին։ Գրողներն էլ հաճախ հավատում են, թե լեզուն իրենց գործիքն է, որ բավական է սովորել դրա օրենքները՝ այն կառավարելու համար։ Սակայն, նրա համոզմամբ, իրականությունը հակառակն է։
«Խաբկանք է կարծել, որ լեզվին կտիրապետես, երբ լեզուն գիտես։ Լեզուն կտիրապետե քեզ։ Դու միայն կթաքնվես բառերի տակ», – ասաց նա։
Ժամանակը հնարավոր չէ կանգնեցնել, պատմությունը՝ ավարտել, իսկ հիշողությունը՝ ամբողջությամբ պահպանել։ Սակայն կարելի է շարունակել գրել, հարցնել, վերադառնալ բառերին ու փորձել հասկանալ, թե ինչ են նրանք թաքցնում եւ ինչ են բացահայտում։
Եվ գուցե «ինչպե՞ս գրել ժամանակը» հարցն էլ հենց դրա համար է կարեւոր՝ ոչ թե որովհետեւ ունի վերջնական պատասխան, այլ որովհետեւ ստիպում է նորից ու նորից վերադառնալ լեզվին, որը, ինչպես պարզվում է, շատ հաճախ ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք՝ նրան։
Աստղիկ Հովհաննեսով
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Leave a comment