Մոսկվան պատրաստ է բանակցել Կիևի հետ, ինչպես միշտ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայում ստեղծված իրավիճակին նվիրված կլոր սեղան քննարկման ժամանակ։
«Մենք պատրաստ ենք Կիևի հետ խոսել, ինչպես միշտ։ Մենք պատրաստ էինք խոսել Ստամբուլում 2022 թվականին, երբ ուկրաինացիները ներկայացրին իրենց առաջարկները այն պայմանների վերաբերյալ, որոնցով կարելի է դադարեցնել այս հակամարտությունը՝ միաժամանակ ապահովելով Դոնբասի օրինական շահերը», – նշել է Լավրովը։
«Եվրամիությունը համառորեն փորձում է ներկայացնել ամբողջ Արևմուտքը, բայց այն չի կարողանում անաչառ լինել ուկրաինական ճգնաժամի լուծման հարցում, քանի որ այն Կիևի կողմն է», – ասել է նախարարը։
«Եվրամիությունը համառորեն պնդում է, որ ներկայացնում է ամբողջ Արևմուտքը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, ուկրաինական հակամարտության հարցերում՝ իր բոլոր գործողություններում, իր ելույթներում, իր սպառնալիքներում, իր խոստումներում։ Մինչդեռ, վերոնշյալ բոլոր և շատ այլ գործիչներ Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում բացարձակապես միակարծիք են այն համոզմունքում, որ Եվրոպան մտադիր չէ դառնալ անաչառ միջնորդ, քանի որ այն Ուկրաինայի կողմն է», – նշել է նախարարը։
Լավրովը ընդգծել է, որ Եվրոպան երբեք չի հրաժարվի Կիևին ցուցաբերած աջակցությունից ճգնաժամից հետո, և որ ԵՄ երկրները ցանկանում են «հավերժացնել ներկայիս ռեժիմը»։
Նրա խոսքով, անհրաժեշտ է գործնականում ապահովել Ուկրաինայի չեզոք, ոչ միջուկային կարգավիճակը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հավասար բանակցությունների ցանկացած հնարավորություն մերժվում է Բրյուսելի կողմից, որը ձգտում է վրեժխնդրության և Մոսկվայի կապիտուլյացիայի։ «Ավելին, Եվրոպան հույսը դնում է ուկրաինական իշխանությունների ահաբեկչական մեթոդների վրա այն ժամանակ, երբ Ուկրաինայի զինված ուժերը պարտվում են մարտադաշտում», – նշել է Լավրովը։