Օմանը և Իրանը տուրքեր չեն գանձի Հորմուզի նեղուցով անցման համար

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին և նրա իրանցի գործընկեր Աբբաս Արաղչին հաստատել են իրենց հանձնառությունը Հորմուզի նեղուցում ազատ նավարկության ապահովման հարցում։

«Մենք վերահաստատել ենք մեր հավատարմությունը միջազգային իրավունքին և նավերի անվճար ու անվտանգ անցման ապահովմանը», – գրել է ալ-Բուսայիդին X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով հանդիպումը։

Արաղչին, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ միասին, Օման էր ժամանել Շվեյցարիայից, որտեղ նրանք մասնակցել էին ամերիկյան կողմի հետ բանակցություններին։

Ալ-Բուսայիդիի խոսքով՝ Մասկատում նրանք անցկացրել են կառուցողական քննարկումներ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ, հատկապես այն մասի, որը վերաբերում է Հորմուզի նեղուցին։

Հենց Իրանն ու Օմանը տարածքային ջրեր ունեն Հորմուզի նեղուցում, և դրանով է պայմանավորված նրանց ձգտումը համակարգել դիրքորոշումները այս կարևոր առևտրային զարկերակի շուրջ։

Օմանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև երկու երկրների համագործակցությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեմ էին արտահայտվել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար որևէ կողմից տուրք գանձելու գաղափարին։

«Մենք դեռևս կարծում ենք, որ երբ խոսքը վերաբերում է միջազգային առևտրային ուղիներին, այնտեղ չպետք է լինեն տուրքեր», – անցած շաբաթ Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել էր Վենսը։

Leave a comment