Դատապարտելի և մտահոգիչ․ ՄԻՊ-ն արձագանքել է Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածին

Բաժանորդագրվել

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ տեղի ունեցածն անհամատեղելի է ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին։

Երևանի ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց այն բանից հետո, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրեցին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու մեջ։

Հաջորդեցին փոխադարձ վիրավորանքները, հայհոյանքներն ու ծեծկռտուքը, որին նաև որոշ կին անդամներ էին մասնակցում։

Մանասյանը տեղի ունեցածը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

«Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը»,- նշված է նրա հայտարարության մեջ։

ՄԻՊ-ը շեշտում է, որ այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է:

Leave a comment