2026 թվականի ամռանը Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ «Կապան Ֆեստը», արդեն չորրորդ տարին անընդմեջ կմիավորի աշխարհահռչակ երաժիշտների, երիտասարդ տաղանդների և արվեստասեր հանդիսատեսի՝ դառնալով տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։
Արդեն ավանդույթ դարձած փառատոնը 10 օր շարունակ Կապանը կվերածի կենդանի երաժշտության, ստեղծագործական երկխոսության և միջազգային մշակութային համագործակցության հարթակի։ «Կապան Ֆեստ-2026»-ին կմասնակցեն աշխարհահռչակ մենակատարներ, դիրիժորներ և կամերային երաժշտության լավագույն արտիստներ աշխարհի 16 երկրից՝ Հայաստան, Բելգիա, Դանիա, ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Ավստրալիա, Էկվադոր, Ռուսաստան, Ռումինիա, Վրաստան:
Փառատոնի առանցքային բաղադրիչներից մեկը կրկին կլինի Կապան Ֆեստ Ակադեմիան, որտեղ աշխարհի տարբեր երկրներից ընտրված 55 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն կունենան մասնակցելու ինտենսիվ վարպետության դասերի, աշխատելու լեգենդար երաժիշտների հետ և համերգային ծրագրերով ելույթ ունենալու նրանց հետ նույն բեմում։
«Կապան Ֆեստ»-ի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Կապանի համայնքապետարանը, ԶՊՄԿ-ն, ՀԲԸՄ-ն, Հայաստանում Բելգիայի և Դանիայի դեսպանատները, Ֆրանցիս Քյուրքջյանը, Թոմաս Վանգը, «Larsen Strings»-ը և այլ ընկերություններ ու անհատներ, որոնց աջակցությամբ հնարավոր է դառնում փառատոնի բոլոր համերգները կազմակերպել հանդիսատեսի համար լիովին անվճար, իրականացնել «Կապան Ֆեստ» Ակադեմիայի կրթական ծրագրերը և, ընդհանուր առմամբ, կյանքի կոչել ծավալով ու նշանակությամբ աննախադեպ այս փառատոնը։
Հայկական բեմում՝ առաջին անգամ
Այս տարվա փառատոնին Հայաստանում առաջին անգամ հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Ժիլ Ապապը և լեգենդար թավջութակահար Թոմաս Լունդստրյոմը։ Ջութակահար Անդրեյ Բարանովը առաջին անգամ կմասնակցի «Կապան Ֆեստին»՝ ալտահարներ Գարեթ Լուբբեի, Իբեն Տիլեմանի և Լոան Կազալի հետ։
Հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու նաև ակորդեոնի վիրտուոզ Ռադու Ռատոյի կատարումները։ Փառատոնի նոր մասնակիցների թվում են Արման Սիմոնյանը, Թամիլա Խարամբուրան, Փոլ Թալլոխը, Իբեն Տիլեմանը, Լոան Կազալը և Գարեթ Լուբբեն։
Փառատոնին իրենց յուրահատուկ երաժշտական աշխարհը կներկայացնեն նաև Chanter Parajanov Ensemble-ը, Musicatreize-ը և ջազ երաժիշտ Բեքա Գոչիաշվիլին՝ իր ընկերների հետ։
«Կապան Ֆեստի» սիրված և մշտական մասնակիցներից են Անդրեյ Գրիդչուկը, Հայկ Կազազյանը, Հրաչյա Ավանեսյանը, Կարեն Շահգալդյանը, Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարկիսովան, Ժյուլիեն Լիբեերը, Սևակ Ավանեսյանը, Միկա Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Զարիկ Քուրքչյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Կարամյանը և Նորայր Քարտաշյանը։
Վիեննական երեկո Կապանում
Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը կլինի «Վիեննական երեկոն Կապանում»՝ Հայաստանում աննախադեպ ձևաչափով կազմակերպվող բացառիկ միջոցառումը։
Երեկոյի հյուրերը՝ էլեգանտ երեկոյան հանդերձանքով, կմտնեն հատուկ ձևավորված սրահ, կստանան դիմակներ և կհայտնվեն իսկական վիեննական դիմահանդեսի մթնոլորտում։ Երեկոն կմեկնարկի նախասրահում՝ ըմպելիքների և շփման հատվածով, որից հետո հյուրերը կանցնեն գլխավոր դահլիճ, որտեղ «Կապան Ֆեստ» նվագախումբը կներկայացնի վիեննական վալսերի ծրագիր։
Ընդմիջման ընթացքում Festival Jazz Band-ը կներկայացնի ջազային մեկնաբանություններ՝ հաղորդելով երեկոյին յուրահատուկ շունչ։
Գերմանիայի Գերա թատրոնի բալետմայստեր Դավիթ Վարդանյանի ղեկավարությամբ պրոֆեսիոնալ պարողները կներկայացնեն բեմադրություններ և նախապես կանցկացնեն վալսի դասեր հյուրերի համար։
Վիեննայում բնակվող դիրիժոր Ֆլորիան Կրիսպերի ղեկավարությամբ ծրագիրը կներառի օպերային արիաներ, հայտնի վիեննական վալսեր և դասական ստեղծագործություններ՝ ավարտվելով պարային և տոնական երեկոյով։
Կապանի նվագախմբի ստեղծում
Իր հիմնադրումից ի վեր «Կապան Ֆեստը» կարևոր ներդրում է ունեցել երիտասարդ երաժիշտների զարգացման գործում՝ կազմակերպելով վարպետության դասեր, տրամադրելով երաժշտական գործիքներ և կրթաթոշակներ։
Այս հիմքի վրա փառատոնը ստեղծում է Կապանի նվագախումբը, որը կհամախմբի երիտասարդ երաժիշտներին և կապահովի շարունակական ուսուցում, մենթորություն և համերգային փորձառություն՝ նպաստելով նրանց ստեղծագործական աճին նաև փառատոնից հետո։
«Կապան Ֆեստ-2026»-ի ծրագիրը
Հուլիսի 4
Բացման համերգ և փառատոնային միջոցառումներ
Հուլիսի 5–6
Կամերային երաժշտության համերգներ
Հուլիսի 7
Chanter Parajanov Ensemble և Musicatreize
Հուլիսի 8–10
Կամերային երաժշտության համերգներ
Հուլիսի 11
Ջազ երեկո
Հուլիսի 12
Կամերային երաժշտության համերգ
Հուլիսի 13
«Ժիլ Ապապի երաժշտական ճանապարհորդությունը»
Հուլիսի 14
«Վիեննական երեկո Կապանում»