Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով

Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցն անվանափոխվեց Պապ թագավորի անունով՝ «Պապ թագավոր փողոց»։ Որոշումն ավագանու նիստի օրակարգում էր` չզեկուցվող հարցերի մեջ: Ավագանու «Հանրային ձայն» և «Մայր Հայաստան» խմբակցություններն առաջարկեցին, որ հարցը դառնա զեկուցվող, քանի որ կողմ չեն նախագծին, սակայն առաջարկը հավանության չարժանացավ ավագանու մյուս խմբակցությունների կողմից:

Նշենք, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանն է: Այս նախագիծն արդեն երկրորդ անգամ էր նիստի օրակագում: Նախորդ նիստի ժամանակ զեկուցվող տարբերակով էր, սակայն չընդունվեց ավագանու անդամների կողմից:

«Հայոց պատմության մեջ ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապը, իր կարճաժամկետ գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում։ Նա նորարար էր, ու ինչպես պատահում է բոլոր նորարարների հետ, նրան էլ շատերը չընդունեցին, չսիրեցին»,- ասված է ավագանու ընդդիմադիր անդամի հեղինակած նախագծի հիմնավորման մեջ։

Հավելենք, որ ամիսներ առաջ էլ Գրիգորյանն առաջարկում էր Ամիրյան փողոցն անվանափոխել Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ) անունով։ Նշենք, որ հրապարակախոս Արսեն Ամիրյանը եղել է բոլշևիկյան հեղափոխական, Բաքվի 26 կոմիսարներից։

Արփի Հակոբյան

Leave a comment