«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին ոչ միայն զրկեց խորհրդարան մտնելու հնարավորությունից՝ ԿԸՀ-ի միջոցով գողանալով ԲՀԿ-ի ձայները, այլեւ մտադիր է Ծառուկյանին սնանկացնել։ Մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ-ը համատարած ստուգումներ է իրականացնում Ծառուկյանի եւ նրա ընտանիքի հետ կապվող բոլոր օբյեկտներում։
Մի կողմից՝ հավանաբար փորձում են Ծառուկյանին քաղաքականապես չեզոքացնել, թույլ չտալ, որ հետընտրական ակտիվություն դրսեւորի, մյուս կողմից՝ Փաշինյանն իր սիրած գործով է զբաղվում՝ փորձում է խլել իր դեմ դուրս եկած անձի ունեցվածքը։ Նաեւ կապիտալի վերաբաշխում են իրականացնում երկրով մեկ:
Երեկ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հպարտությամբ հայտարարեց, որ անվավեր են ճանաչել Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատան` 2014 թվականին տրամադրված լիցենզիան: Օրեր առաջ էլ դատախազությունը գործընթաց է սկսել «Արարատցեմենտի» մասնավորեցման հետ կապված: Նման անթաքույց քաղաքական հետապնդումներ ընդդիմադիր ուժի հանդեպ, որն ընտրություններին է մասնակցել, ՀՀ քաղաքացիները չեն հիշում:
«Հրապարակ» թերթը գրում է.
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն, անգամ 50 տոկոս չստացած ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։
Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։ Մինչ այժմ երդման հետեւյալ տեքստն էին արտասանում․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձեւակերպումները: Փոխարենը տեքստում ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար», ինչպես նաեւ՝ երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով․ «Փառք նահատակներին, եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։