Հրապարակվել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնի ծրագիրը

Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 4-ից 14-ը չորրորդ անգամ կանցկացվի տեղի կունենա Կապանի միջազգային երաժշտական փառատոնը՝ Կապան Ֆեստը։

Կապան Ֆեստ 2026-ին կմասնակցեն աշխարհահռչակ մենակատարներ, դիրիժորներ եւ կամերային երաժշտության արտիստներ 16 երկրից՝ Հայաստան, Բելգիա, Դանիա, ԱՄՆ, Ավստրիա, Գերմանիա, Շվեյցարիա, Շվեդիա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Ավստրալիա, Էկվադոր, Ռուսաստան, Ռումինիա, Վրաստան:
Կապան Ֆեստ Ակադեմիայի շրջանակում տարբեր երկրներից ընտրված 55 երիտասարդ երաժիշտներ հնարավորություն կունենան մասնակցելու վարպետության դասերի, աշխատելու լեգենդար երաժիշտների հետ եւ համերգային ծրագրերով ելույթ ունենալու նրանց հետ նույն բեմում։
Կապան Ֆեստում առաջին անգամ Հայաստանում հանդես կգան աշխարհահռչակ ջութակահար Ժիլ Ապապը եւ լեգենդար թավջութակահար Թոմաս Լունդստրյոմը։ 
Ջութակահար Անդրեյ Բարանովը առաջին անգամ կմասնակցի Կապան Ֆեստին՝ ալտահարներ Գարեթ Լուբբեի, Իբեն Տիլեմանի եւ Լոան Կազալի հետ միասին։
Փառատոնի նոր մասնակիցների թվում են Արման Սիմոնյանը, Թամիլա Խարամբուրան, Փոլ Թալլոխը, Իբեն Տիլեմանը, Լոան Կազալը եւ Գարեթ Լուբբեն։
Փառատոնին իրենց յուրահատուկ երաժշտական աշխարհը կներկայացնեն նաեւ Chanter Parajanov Ensemble-ը, Musicatreize-ը եւ ջազ երաժիշտ Բեքա Գոչիաշվիլին՝ իր ընկերների հետ։
Կապան Ֆեստի սիրված եւ մշտական մասնակիցներից են Անդրեյ Գրիդչուկը, Հայկ Կազազյանը, Հրաչյա Ավանեսյանը, Կարեն Շահգալդյանը, Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարկիսովան, Ժյուլիեն Լիբեերը, Սեւակ Ավանեսյանը, Միկա Հախնազարյանը, Աստղիկ Սիրանոսյանը, Զարիկ Քուրքչյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Կարամյանը եւ Նորայր Քարտաշյանը։
Փառատոնի ամենասպասված իրադարձություններից մեկը կլինի «Վիեննական երեկոն Կապանում»։ Գերմանիայի Գերա թատրոնի բալետմայստեր Դավիթ Վարդանյանի ղեկավարությամբ պրոֆեսիոնալ պարողները կներկայացնեն բեմադրություններ եւ նախապես կանցկացնեն վալսի դասեր հյուրերի համար։
Վիեննայում բնակվող դիրիժոր Ֆլորիան Կրիսպերի ղեկավարությամբ ծրագիրը կներառի օպերային արիաներ, հայտնի վիեննական վալսեր եւ դասական ստեղծագործություններ՝ ավարտվելով պարային եւ տոնական երեկոյով։
Հիմնադրումից ի վեր Կապան Ֆեստը կարեւոր ներդրում է ունեցել երիտասարդ երաժիշտների զարգացման գործում՝ կազմակերպելով վարպետության դասեր, տրամադրելով երաժշտական գործիքներ եւ կրթաթոշակներ։
Այս հիմքի վրա փառատոնը ստեղծում է Կապանի նվագախումբը, որը կհամախմբի երիտասարդ երաժիշտներին եւ կապահովի շարունակական ուսուցում, մենթորություն եւ համերգային փորձառություն՝ նպաստելով նրանց ստեղծագործական աճին նաեւ փառատոնից հետո։
Կապան Ֆեստ 2026-ի ծրագիրը
Հուլիսի 4
Բացման համերգ եւ փառատոնային միջոցառումներ
Հուլիսի 5–6
Կամերային երաժշտության համերգներ
Հուլիսի 7
Chanter Parajanov Ensemble եւ Musicatreize
Հուլիսի 8–10
Կամերային երաժշտության համերգներ
Հուլիսի 11
Ջազ երեկո
Հուլիսի 12
Կամերային երաժշտության համերգ
Հուլիսի 13
«Ժիլ Ապապի երաժշտական ճանապարհորդությունը»
Հուլիսի 14
«Վիեննական երեկո Կապանում»
«Կապան Ֆեստ»-ի հովանավորներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Կապանի համայնքապետարանը, ԶՊՄԿ-ն, ՀԲԸՄ-ն, Հայաստանում Բելգիայի եւ Դանիայի դեսպանատները, Ֆրանցիս Քյուրքջյանը, Թոմաս Վանգը, «Larsen Strings»-ը։

Leave a comment