Յուրաքանչյուրի համար անվճար կլինի շտապօգնության 8 կանչ, 9-րդ կանչից սկսած կվճարեն 10 հազար դրամ. փոփոխություններ Երևանում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանում շտապբուժօգնության կանչերի սպասարկման գործընթացում հունվարից փոփոխություններ են մտցվել։ Այժմ բոլոր կանչերը այլևս անվճար չեն սպասարկվելու։
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանի խոսքով՝ յուրաքանչյուր անձի համար տարեկան անվճար կլինի 8 կանչ։ «Այսինքն՝ պետության կողմից երաշխավորված անվճար կլինի յուրաքանչյուր անձի համար 8 կանչ, իսկ 9-րդ կանչից սկսած դրանք կլինեն վճարովի՝ 10 հազար դրամ մեկ կանչի համար։ Կան որոշ բացառություններ՝ ցրտահարություն, դանակահարություն, հրազենային վնասվածք և այլ արտակարգ դեպքեր, սակայն մնացած դեպքերում կանչերը վճարովի կլինեն»,– նշել է նա։
Նրա խոսքով, բուժանձնակազմն ունենալու է անհրաժեշտ սարքավորումներ, որպեսզի վճարումը հնարավոր լինի կատարել տեղում։ 8-ից ավելի կանչերը հիմնականում վերաբերում են քրոնիկ հիվանդներին։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանչերի 99 տոկոսը կատարվել է մինչև 8 անգամ յուրաքանչյուր անձի համար, և միայն շատ քիչ տոկոսն է գերազանցել այս թիվը։
«Դա ճիշտ որոշում է, որովհետև անձ, որը 20–30 անգամ կանչ է անում, սովորաբար արդեն ունի բուժման կարիք, և նման կանչերի պատճառով իրական հրատապ օգնություն պահանջող դեպքերը կարող են ուշանալ։ Այդ քաղաքացիները արդեն տեղեկացված են, որ 8-ից ավելի կանչերը կլինեն վճարովի»,– ընդգծել է Ռուբեն Գրիգորյանը։
Ամփոփելով 2025 թվականի աշխատանքները՝ նա նշեց, որ նախորդ տարի սպասարկվել է 307 հազար կանչ, ինչը 3 տոկոսով ավել է 2024 թվականի համեմատ։ Աճը պայմանավորված է եղել Երևանում բնակչության թվի աճով։ Չնայած նախորդ տարվա ծանրաբեռնվածությանը, 2026 թվականի սկզբին կանչերի թիվը նվազել է 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Տոնական օրերին նկատելի նվազել են թունավորումների և ալկոհոլի չարաշահումների դեպքերը, ինչը, նրա խոսքով, ցույց է տալիս քաղաքացիների ավելի բարձր իրազեկվածությունը։
Նախորդ տարի ընկերությունը ձեռք է բերել նոր շտապօգնության մեքենաներ լիզինգային ծրագրով։ Մեքենաները հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով, ներառյալ էլեկտրական անվասայլակ, որը նախկինում չի եղել։ «Սա շատ կարևոր ձեռքբերում է, քանի որ որոշ դեպքերում հիվանդին պառկած տեղափոխելը հակացուցված է, և անհրաժեշտ է նստած դիրքով տեղափոխել, ինչի համար նախկինում համապատասխան սարքավորում չենք ունեցել»,– ասել է տնօրենը։
2026 թվականին ընկերությունը նախատեսում է նոր մեքենաներ ձեռք բերել, ինչպես նաև բարձրացնել աշխատողների աշխատավարձերը։