Բաքուն Երևանի հետ իրավահավասար համագործակցության նպատակ չի հետապնդում, նշել է փորձագետը
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի․/ԱՌԿԱ/․ Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը մեկնաբանել է հայկական «Տելեկոմ Արմենիա» և ադրբեջանական «Ազերտելեկոմ» ընկերությունների միջև համագործակցության համաձայնագիրը՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Այսօր ավելի վաղ «Տելեկոմ Արմենիա»–ն հայտնեց «Ազերտելեկոմ»–ի հետ երկկողմ համաձայնագրի ստորագրման մասին, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Ընկերությունից հայտնել են, որ համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտում համագործակցության զարգացմանը։
«Քանի դեռ մանրամասներ չկան, չեմ ցանկանում վերջնական եզրակացություններ անել, բայց առաջին հարցը, որ առաջանում է՝ որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ-թրաֆիկը և անհրաժեշտ պահին հակահայկական միջամտություն չի իրականացնելու»,- գրել է Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում։
Նա նաև հայտարարել է, որ Բաքուն Երևանի հետ իրավահավասար համագործակցության նպատակ չի հետապնդում։
«Ցանկացած գործողության հիմքում ընկած է Հայաստանի դեմ տոտալ պատերազմի տրամաբանությունը՝ առավելագույնս թուլացնել հայկական պետությունը և այն դարձնել կախյալ։ Ուստի այս լուրին լավատեսությամբ վերաբերվելը, մեղմ ասած, միամտություն է»,- համարում է թուրքագետը։