Չինաստանի առևտրի նախարարությունն արտահանման սահմանափակումներ է կիրառել ամերիկյան տասը պաշտպանական ուղղվածություն ունեցող ընկերությունների նկատմամբ, գրում է The Wall Street Journal-ը։
Միջոցները ենթադրում են այդ ընկերություններին չինական այն ապրանքների վաճառքի արգելք, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով։ Ինչպես հայտարարել է նախարարությունը, դրանք ուղղված են ազգային անվտանգության պաշտպանությանը և միջազգային պարտավորությունների կատարմանը, այդ թվում՝ չտարածման ոլորտում, և ընդունվել են ի պատասխան Պենտագոնի «սև ցուցակի» ընդլայնման, որտեղ հունիսին ներառվել էին մի շարք չինական ընկերություններ, այդ թվում՝ Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն։
Սահմանափակումները կիրառվում են նաև հազվագյուտ հողային մետաղների արտադրող MP Materials և USA Rare Earth ընկերությունների նկատմամբ։ Երկու ընկերություններին էլ աջակցում է ԱՄՆ կառավարությունը, ընդ որում՝ առաջինը ղեկավարում է Միացյալ Նահանգներում գործող միակ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրը։
Բացի այդ, պատժամիջոցները վերաբերում են նաև դրոնների, ռոբոտատեխնիկայի և աերոտիեզերական արտադրանքի ոլորտներին, գրում է WSJ-ն։
Չինաստանի արտահանման վերահսկողության ցանկում ներառվել են Red Cat Holdings, Teal Drones, IMSAR, Jaia Robotics, Ball Aerospace & Technologies, Oshkosh Defense և L3Harris Maritime Services ընկերությունները։
Չինական երկակի նշանակության ապրանքների փոխանցումն ու տրամադրումն այդ ընկերություններին արգելվում է բոլոր երկրների և տարածաշրջանների կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց։ Համապատասխան բնույթի ընթացիկ արտահանման գործարքները նույնպես պետք է անհապաղ դադարեցվեն, հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։
Առանձին ՉԺՀ ֆինանսների նախարարությունն արգելել է պետական գնումներ իրականացնել ամերիկյան 46 ընկերությունների արտադրանքից, այդ թվում՝ Lockheed Martin, RTX և Boeing Co.-ի պաշտպանական ստորաբաժանման արտադրանքից։ Արգելքը չի վերաբերում Չինաստանում գործող այն ընկերություններին, որոնց կապիտալում ամերիկյան մասնակցություն կա։
Առևտրի և ֆինանսների նախարարությունների սահմանած միջոցներն ուժի մեջ են մտնում անմիջապես։