Around Tavush. Մարդկանցով ու բնությամբ տարբեր Տավուշը

Երբ տավուշյան թավ զմրուխտը, ծածկելով շրջակա բոլոր լեռները, հասնում է  անուշահոտության գագաթնակետին՝ «սար գնալու» ժամանակն է։ Բարեբախտաբար, Տավուշում վերջին տարիներին միայն սինդրիկն ու անտառային ծնեբեկը չեն պատճառը, որի համար արժե սար բարձրանալ։ Արդեն տեւական ժամանակ է, որ լեռնային երթուղիներն այստեղ նաեւ վայելելու, եւ ինչու ոչ, վաստակելու եւ կիսելու մասին են։ Around Tavush-ն առաջիններից էր, որ փորձեց ու հաջողեց՝ փոխելով մարզում «սար գնալու» մի ամբողջ մշակույթ։ 
Around Tavush-ը ծնվել է 2023-ի հունվարին, երբ Նոյեմբերյանի Արճիս գյուղից Արփինեն վերադարձավ հայրենի Տավուշ՝ ուղիղ 10 տարի անց։ Մինչ այդ ամուսինը՝ Տիրան Ջանինյանն, արդեն իսկ կազմակերպում էր տուրեր Տավուշում, սակայն Around Tavush-ը բոլորովին նոր էջ էր։
«Մտքումս միշտ ունենալով  Տավուշ հետ գնալու միտքը,  մի քանի անհաջող փորձերից հետո 2023-ի մայիսին վերջնականապես տեղափոխվեցի Իջեւան՝ տեղում ավելի ինտենսիվ տուրերը կազմակերպելու նպատակով: Around-ը մարդկանց տալիս է սեր, հոգատարություն, տան զգացում եւ էմոցիա ամբողջ կյանքի համար։ 
Մեզ համար Տավուշը պարզապես տուն չէ՝ բնություն է, պատմություն, մարդիկ ու զգացողություն, որը ուզում ենք փոխանցել յուրաքանչյուրի։ 
Ես ավելի շատ զբաղվում եմ մարդկանց հետ շփումով, տուրերի կազմակերպմամբ, բովանդակությամբ: Տիրանն իր հերթին ավելի տեխնիկական ու արկածային մասն է ապահովում. նոր երթուղիներ, անվտանգություն: Տարբեր բնավորություններ ունենք, բայց հենց դրա շնորհիվ էլ իրար շատ ենք փոխլրացնում Around-ի ներսում», – պատմում է Արփինեն։
Ասում է, որ Երեւանից հետո Տավուշը կյանքի իր ամենաճիշտ ընտրությունն է, մի վայր, որտեղ վայելելը եւ աշխատանքը հավասար են։ Տիրանն ու Արփինեն մեծ հույս ունեն, որ այս ընտրությունը վարակիչ կլինի նաեւ շատ երիտասարդ ընտանիքների համար։ 
«Երբ նոր էի եկել Երեւանից, անընդհատ ինչ-որ տեղ էի շտապում, ինձ միշտ թվում էր՝ ուշանում եմ, բայց պարզվեց՝ ոչ, չեմ ուշանում», – հիշում է Արփինեն, խոստովանելով, որ ժամանակին ինքն էլ էր երազում մեծ քաղաքում ուսանողության եւ կարիերայի մասին, սակայն ի վերջո եկել է այն մտքին, որ ինքը պիտի լինի իր մարզում:
Տիրանը նույնպես կյանքի տարբեր փուլերում աշխատել եւ կարճ ժամանակով ապրել է մարզից դուրս, սակայն նորից ու նորից վերադարձել է հայրենի Գանձաքար։ 
Մարզից ավելի երկար բացակայած Արփինեն նկատում է՝ տավուշեցիների յուրահատուկ բնավորությունը գլխավոր գործոններից է, որ շատերին ձգում է դեպի Հայաստանի կանաչաշատ այս մարզը.
«Գուցե շատ ծեծված բան կասեմ, որ Տավուշի բնությունը յուրահատուկ է, բայց նաեւ մարդկանցով է տարբեր Տավուշը։ Բնավորություն ունեն մարդիկ, որը շատ նման է իրենց բնությանը, այսինքն՝ ժայռոտ, մի քիչ կոպիտ, բայց եւ խաղաղ են այստեղի կանաչի ու անտառի պես։ Իսկապես Տավուշն այն վայրն է, որտեղ տեսնում ես, որ մարդիկ իրոք նման են իրենց շրջապատող բնությանը»։
    
«Մարզում բիզնես վարելը շատ  դիմացկունություն է պահանջում, բայց նաեւ մեծ արժեք ունի, որովհետեւ դու աշխատանքի արդյունքը տեսնում ես ոչ միայն քո, այլ ամբողջ համայնքի վրա: Երբ դառնում ես գործատու, հասկանում ես, որ քո բիզնեսը միայն քոնը չէ, սկսում ես ավելի լայն մտածել՝ ոչ միայն եկամտի, այլեւ մշակույթի, պատասխանատվության ու երկարաժամկետ ազդեցության մասին», – խոստովանում են Տիրանն ու Արփինեն եւ ընդգծում՝ մինչ Around Tavush-ի գալը մարդիկ մարզում իսկապես մի փոքր այլ պատկերացում ունեին քայլարշավային տուրիզմի մասին։ 
Ամուսինները հատուկ ընդգծում են ամենագնացներով տուրերը, որոնց մեջ փորձել են «ներմուծել» նաեւ հարմարավետություն ամենաուղիղ իմաստով. սեղան, աթոռ, պիկնիկի այլ պարագաներ․
«Նախկինում տավուշեցիները սար բարձրանալը պատկերացրել են միայն ընտանեկան հավաքների տեսքով: Տարիների հետ այս մշակույթը փոխվել է, մարդիկ սկսել են նաեւ իրենց գիտելիքները կիսել զբոսաշրջիկների հետ, դիտարկել դա որպես եկամտի աղբյուր, փոխվել է նաեւ վերաբերմունքը բնությունը։ Ճիշտ է, մինչեւ հիմա տեղացիներից շատերն են զարմանում, թե ինչպես են զբոսաշրջիկները «աշխարհի մյուս ծայրից» գալիս, բարձրանում սարը, որն այսպես ասած իրենց քթի տակ է»։ 
Օտարազգի զբոսաշրջիկների շրջանում դեպի Տավուշ ամենագնացներով տուրերի բացարձակ առաջատարն է մնում հայտնի Դիմաց լեռը, տեղացիների մոտ՝ նույնպես, մեծ պահանջարկ են վայելում նաեւ Գոշի լիճը, Լաստիվերը: 
Տիրանն ու Արփին փորձում են առաջարկել եւ ավելի պահանջարկված դարձնել նաեւ  Վիթասարը, Աղվեսասարը եւ մի շարք այլ, շատերի ուշադրությունից վրիպած ուղղություններ։
Ըստ Արփինեի՝ Տավուշից դուրս ապրած տարիներից հետո մարզում հատուկ ոլորտներում մեծ տեղաշարժեր է նկատում, որոշներում էլ՝ ոչ այնքան, սակայն իր հինգ ամսական աղջկա լավագույն մանկությունը միանշանակ պատկերացնում է այստեղ։ 
«Կոնկրետ իմ տարածաշրջանում ենթակառուցվածքների բացակայության առաջացրած խնդիրները մասամբ նույնն էին, թեեւ ճանապարհի ու ջրի հարցը քիչ թե շատ լուծվել է։ Բայց ամենակարեւորը՝ եկող սերունդը շատ լավն է, շատ նախաձեռնող է, կարողանում են ծրագրերի մասնակցել, դրամաշնորհներ ստանալ, օգնել համայնքի զարգացմանը, իմ ժամանակ այդ հնարավորությունները շատ ավելի սահմանափակ էին։ 
10-15 տարի անց պատկերացնում եմ, որ գյուղերը դատարկվելու փոխարեն կդառնան ակտիվ կենտրոններ, որտեղ մարդիկ ունեն աշխատանք, կրթություն: Around Tavush-ն էլ արդեն պարզապես ընկերություն չի լինի, այլ  պատմություն, որը ցույց տվեց, որ մարզում կարելի է ստեղծել: Ու երեւի ամենակարեւորը սա է. ես  ուզում եմ, որ Վանէն Տավուշին նայի ոչ թե որպես գեղեցիկ մարզ, այլ որպես իր տուն, որտեղ ապագան հնարավոր էՄենք մեր բոլոր տուրերի ավարտին մեկ կարգախոս ունենք՝ «Կհանդիպենք Տավուշում»:
Սոֆիա Հակոբյան

Leave a comment