Ռուսաստանի Բանկն ակնկալում է, որ դաշնության ՀՆԱ-ն առաջին կիսամյակում կաճի 0.5%-ով

Ռուսաստանի Բանկի գնահատմամբ՝ հունվար-ապրիլ ամիսներին ՀՆԱ-ի աճը կազմել է 0.3%, իսկ առաջին կիսամյակի արդյունքներով ակնկալում է 0.5% աճ։ Այդ մասին հայտարարել է ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինան:

«Մեր գնահատականներով՝ ընդհանուր առմամբ առաջին կիսամյակում տնտեսությունը շարունակում է չափավոր աճել։ Առաջին եռամսյակի համար, Ռոսստատի գնահատմամբ, ՀՆԱ-ն տարեկան արտահայտությամբ նվազել է 0.2%-ով, սակայն մենք նշել էինք, որ դա մեծապես պայմանավորված է միանվագ գործոններով՝ սեզոնային և օրացուցային։ Արդեն ապրիլին ՀՆԱ-ն վերադարձել է դրական դաշտ։ Ընդհանուր առմամբ մենք գնահատում ենք, որ հունվար-ապրիլին տնտեսության աճը կազմել է 0.3%։ Առաջին կիսամյակի արդյունքներով սպասում ենք մոտ 0.5% աճ», – ասել է նա։

ՌԴ տնտեսական զարգացման նախարարության գնահատմամբ՝ ապրիլին ՀՆԱ-ն աճել է 1.3%-ով, իսկ հունվար-ապրիլ ամիսներին ընդհանուր տնտեսական աճը կազմել է 0.2%։

«Ինտերֆաքս»-ի կողմից հունիսի սկզբին հարցված վերլուծաբանների՝ 2026 թվականի ՀՆԱ-ի աճի կանխատեսումները սկսվում են 0.3%-ից, այսինքն՝ նրանցից ոչ ոք տնտեսության կրճատում չի ակնկալում։ 2026 թվականի ՀՆԱ-ի դինամիկայի վերաբերյալ կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում է 0.8% աճ, ինչը բարձր է Տնտեսական զարգացման նախարարության մայիսյան պաշտոնական կանխատեսումից (0.4%) և փոքր-ինչ ցածր է ԿԲ-ի ապրիլյան միջակայքային կանխատեսման միջինից (0.5-1.5%)։

Leave a comment