ԵՄ անդամակցության հեռանկարը երկրին ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու համար. Մայա Սանդու

Եվրամիությանը միանալու հեռանկարը ուժ է տալիս կարևոր փոփոխություններ կատարելու և արդյունքների հասնելու համար: Ինչպես տեղեկացնում է Moldpres-ը, այս մասին հունիսի 22-ին Բրյուսելում ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովի բացման ժամանակ հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։


«Մենք անում ենք նույնիսկ ավելին, քան մեզնից պահանջվում է՝ ձեռնարկելով իսկապես դժվար բարեփոխումներ՝ ԵՄ ինտեգրմանը պատրաստ լինելու համար», – հայտարարել է նա։Նախագահի խոսքով՝ առաջին բանակցային խմբի բացումը պատմական պահ էր Մոլդովայի համար և ընձեռել է հնարավորություն, որը պետք է լիովին օգտագործել։«Հրաշալի է վերադառնալ Բրյուսել՝ ընկերների շրջապատ: Նախորդ երկուշաբթի մենք սկսեցինք անդամակցության առաջին բանակցային փուլը՝ «Հիմնարար արժեքներ», իրական հնարավորության պահ: Նման պահեր հազվադեպ են լինում, ուստի մենք պետք է առավելագույնս օգտագործենք դրանք», – ասել է Մայա Սանդուն։


Նա ընդգծել է, որ ԵՄ-ին միանալու հեռանկարը բարեփոխումների գործընթացի շարժիչ ուժն է, և Մոլդովայի իշխանությունները ձեռնարկում են խոշոր փոփոխություններ՝ երկրի եվրոպական ուղին արագացնելու համար։Մոլդովա-Եվրոպական միություն գագաթնաժողովը բարձր մակարդակի երկխոսության ձևաչափ է, որը ստեղծել են երկու կողմերը, և որն արտացոլում է Մոլդովայի և ԵՄ-ի միջև ավելի ու ավելի սերտ գործընկերությունը, ինչպես նաև երկրի՝ Եվրոպական համայնքին անդամակցելու անսասան հանձնառությունը: Այս տարվա հանդիպումը տեղի է ունենում առաջին բանակցային գլուխների՝ «Հիմնարար արժեքների» վերաբերյալ անդամակցության բանակցությունների պաշտոնական մեկնարկից մեկ շաբաթ անց՝ նշանավորելով երկրի եվրոպական ուղու նոր փուլը: Գագաթնաժողովի ընթացքում առաջնորդները կքննարկեն բանակցությունների հաջորդ քայլերը և Մոլդովայի բարեփոխումների օրակարգը։


Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական խորհուրդը հաստատել են, որ Մոլդովան պատրաստ է սկսել բանակցություններ՝ բոլոր գլուխների շուրջ, ինչպես նախատեսված է արժանիքների վրա հիմնված անդամակցության գործընթացում։Գագաթնաժողովի օրակարգում կներառվեն նաև տարածաշրջանային իրավիճակին, անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ամրապնդմանը, էներգետիկային, ինչպես նաև Մոլդովայի տնտեսական զարգացմանն ուղղված ԵՄ աջակցությանը վերաբերող թեմաներ։

Հանդիպման ավարտին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի կողմից նախատեսվում են համատեղ մամուլի հայտարարություններ։Բրյուսելի գագաթնաժողովը Մոլդովայի և Եվրամիության միջև իր տեսակի մեջ երկրորդն է։ Առաջին բարձր մակարդակի հանդիպումը տեղի է ունեցել Քիշնևում 2025 թվականի հուլիսի 4-ին։

 

Leave a comment