Զախարովան հայտնել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու դեպքում

Քաղաքականություն

22.06.2026 | 17:40

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտավորությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

«Երկու տարուց ավելի է, ինչ Հայաստանը ձեռնպահ է մնում ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցելուց՝ մնալով լիիրավ անդամ և պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտավորությունները։ Մենք նախկինի պես համոզված  ենք, որ ՀԱՊԿ-ում լիարժեք աշխատանքի վերսկսումը, առաջին հերթին, կծառայի Հայաստանի շահերին։ Կազմակերպությունը մնում է տարածաշրջանային կայունությունը պահպանելու արդյունավետ և, ըստ էության, անվիճելի մեխանիզմ»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, թե ՀԱՊԿ նորմատիվ փաստաթղթերը չեն նախատեսում ֆինանսավորումից ձեռնպահ մնալու որևէ ձև։ Զախարովան նշել է, որ Երևանը 2024 թվականի սկզբից ի վեր ՀԱՊԿ բյուջե իր վճարումները չի կատարել։

«ՀԱՊԿ նորմատիվ փաստաթղթերում նախատեսված չեն ֆինանսավորումից ձեռնպահ մնալու ձևեր»,- ասել է նա։

Զախարովան նաև հայտարարել է, թե Հայաստանը կարող է զրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քվեարկելու իրավունքից՝ մինչև պարտքերի լրիվ մարումը։

«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել, եթե այն չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես, եթե այն երկու տարի պարտք է ունեցել բյուջեի նկատմամբ։ Դրանք ներառում են այդ պետության քաղաքացիների քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի դադարեցում և աշխատանքային մարմիններում քվեարկելու իրավունքից զրկում՝ մինչև պարտքերի ամբողջական մարումը»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր հայտարարել, որ ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment