Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել

Քաղաքականություն

22.06.2026 | 14:19

Կասպից ծովում՝ Ադրբեջանի հատվածում գտնվող Պիրալլահի կղզու և Դյուբենդի գյուղի միջև նավթային հետք է արձանագրվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հունիսի 19-ին «Ազնեֆտ» արտադրական միավորման կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունները տեղեկատվություն են ստացել Դյուբենդի լողափում նավթային աղտոտման հետքերի մասին։

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ նավթային հետք է հայտնաբերվել Պիրալլահի կղզու և Դյուբենդիի միջև գտնվող ջրերի նախնական ուսումնասիրության ժամանակ՝ օգտագործելով նավակներ և ուղղաթիռ։ Սկզբնական փուլում արտահոսքի ակտիվ աղբյուրը տեսողական կերպով հնարավոր չի եղել նույնականացնել, ուստի դիտարկվել են աղտոտման մի քանի հնարավոր աղբյուրներ:

Արտահոսքի հայտնաբերումից անմիջապես հետո ստորջրյա այս խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է: «Ազնեֆտ» արտադրական միավորմանն առընթեր ստեղծվել է շտաբ՝ միջադեպն արագորեն կառավարելու համար։ Նշվում է, որ «Ազնեֆտ» սուզման ծառայության կողմից անցկացված աշխատանքների ընթացքում ստորջրյա նավթատարի վրա հայտնաբերվել են մեխանիկական վնասներ։ Նախնական գնահատականներով՝ այն առաջացել է արտաքին առարկայի, ենթադրաբար՝ խարսխի հետ շփման հետևանքով։

«Վերանորոգման և վերականգնման աշխատանքները սկսվել են վնասը հայտնաբերելուց անմիջապես հետո։ Մինչև դրանց ավարտը վնասված խողովակաշարը դուրս է բերվել շահագործումից՝ կանխելով նավթի հետագա արտահոսքը դեպի ծով։ Միջադեպերի հետևանքների վերացման աշխատանքները, այդ թվում՝ ծովի և ափամերձ տարածքների մաքրումը, իրականացվում են Արտակարգ իրավիճակների նախարարության և «Ազնեֆտ»-ի միջև համագործակցությամբ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment