Նրանք, ովքեր կեղծում էին, այսօր կեղծիք են փնտրում

Նրանք, ովքեր կեղծում էին, այսօր կեղծիք են փնտրում

Այսօր ընտրակեղծիքներից ամենաբարձրն ու ամենաշատը խոսում են հենց այն քաղաքական ուժերն ու գործիչները, որոնց կառավարման տարիներին Հայաստանում երբեք ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվել։

Հայաստանի նորագույն պատմության մեջ ընտրությունների կեղծման մեխանիզմը լայնորեն կիրառվեց դեռ 1996 թվականին։ Այդ ժամանակ առաջին անգամ հասարակությունը տեսավ, թե ինչպես կարելի է վարչական ռեսուրսով, ճնշումներով ու կեղծիքներով փոխել ժողովրդի կամքը։ Հետագայում այդ մեխանիզմը ոչ թե վերացավ, այլ «կատարելագործվեց»։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ընտրակեղծիքները դարձան հստակ գործող համակարգ։ Լցոնումներ, «կարուսելներ», ընտրակաշառք, վարչական ճնշումներ, ուռճացված ցուցակներ, մահացածների անուններով քվեարկություններ՝ այս ամենը դարձավ քաղաքական կյանքի սովորական բաղադրիչ։

Այդ տարիներին ընտրությունների արդյունքները հաճախ նախապես հայտնի էին լինում, իսկ քաղաքացին շատ դեպքերում ընկալվում էր ոչ թե որպես ազատ կամք ունեցող մարդ, այլ որպես կառավարվող ռեսուրս։

Այս ամենի մեջ առանձնահատուկ է նաև Դաշնակցության ներկայիս վարքագիծը։ Այն կուսակցությունը, որը տարիներ շարունակ իշխանության մաս էր կազմում, կիսում էր պատասխանատվությունը նույն քաղաքական համակարգի համար և չէր բարձրաձայնում ընտրակեղծիքների մասին, այսօր փորձում է ներկայանալ որպես ժողովրդավարության գլխավոր պաշտպան։

Իհարկե, ցանկացած ընտրության դեպքում կարելի է ներկայացնել բողոքներ, վիճարկել առանձին դեպքեր, պահանջել քննություններ և ստուգումներ։ Դա նորմալ ժողովրդավարական գործընթաց է։ Սակայն երբ ընտրությունների «կեղծված լինելու» մասին ամենաբարձրն աղաղակում են այն մարդիկ, որոնց քաղաքական կենսագրությունը սերտորեն կապված է ընտրակեղծիքների մշակույթի հետ՝ դա արդեն ոչ թե պայքար է արդարության համար, այլ քաղաքական հիշողության վրա խաղալու փորձ։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կարող են ինչ-որ մեկին դուր գալ կամ չգալ։ Բայց արդյունքից դժգոհ լինելը դեռ չի նշանակում, որ ընտրությունները կեղծվել են։

Հակառակ դեպքում ստացվում է վտանգավոր տրամաբանություն։  Երբ իրենք էին հաղթում՝ ընտրությունները «ժողովրդավարական» էին, իսկ երբ պարտվում են՝ անմիջապես դառնում են «կեղծված»։

Խնդիրը ընտրությունների որակը չէ։ Խնդիրն այն է, որ որոշ քաղաքական ուժեր դեռ չեն համակերպվել այն մտքի հետ, որ քաղաքացին այլևս իրենց սեփականությունը չէ։ Քաղաքացին ընտրակաշառքով գնվող «գլխաքանակ» չէ, այլ ազատ մարդ, որն իրավունք ունի ընտրել նույնիսկ այն դեպքում, երբ իր ընտրությունը դուր չի գալիս նախկին իշխանություններին։ 

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Leave a comment