Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի կենդանաբանական այգում իրականացվել են բարեկարգման, վերանորոգման և ենթակառուցվածքային մի շարք աշխատանքներ։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում տեղեկացրել է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Արման Տեր-Թովմասյանը։

Նրա խոսքով՝ այգում տեղադրվել է նոր տոմսարկղի դրամարկղային սարքավորում, իսկ ակվատերարիումի բաժնում՝ տոմսային արգելափակոց։ Այցելուների համար տեղադրվել են էլեկտրոնային էկրաններ և տեղեկատվական բաներներ, իսկ ամբողջ տարածքում գործարկվել է ձայնային համակարգ։

Տնօրենի ներկայացմամբ՝ մաքրվել են ջրահեռացման համակարգերը, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, դրամարկղի արտաքին պատերը մշակվել են ավազաշիթային համակարգով, կատարվել է կտուրի ջրամեկուսացում, ներկվել են բոլոր փայտյա կառուցվածքները։ Կենդանաբանական այգում կառուցվել են չափորոշիչներին համապատասխան վեց նոր ազատավանդակներ՝ իրենց ձմեռանոցներով։

Բացի այդ, ցուցադրության համար ձեռք են բերվել նոր կենդանիներ, իսկ աշխատակիցների համար՝ այգու լոգոտիպով նոր արտահագուստ։ Արման Տեր-Թովմասյանի խոսքով՝ իրականացված աշխատանքները շարունակական բնույթ ունեն և միտված են կենդանաբանական այգու հետագա զարգացմանն ու ժամանակակից չափանիշներին համապատասխանեցմանը։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով կատարված աշխատանքներին, շնորհակալություն հայտնեց կենդանաբանական այգու ղեկավարությանը և անձնակազմին՝ ընդգծելով, որ այգում մեծածավալ աշխատանք է իրականացվել։

Միաժամանակ քաղաքապետը բարձրացրեց այգու տարածքում գործող սրճարանների աշխատանքի հարցը՝ նշելով, որ դրանց գործունեության վերաբերյալ շարունակում է դժգոհություններ ստանալ։ Ավինյանի խոսքով՝ եթե կենդանաբանական այգու մյուս ծառայություններում վճարումները հնարավոր են ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակներով, ապա որոշ սրճարաններում դեռ պահպանվում են հին գործելաոճերն ու մոտեցումները։

Քաղաքապետը կոչ է արել քաղաքային տարածքներում գործող տնտեսվարողներին վերանայել իրենց աշխատանքային մշակույթն ու ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք ժամանակակից Երևանի պահանջներին։

Նրա գնահատմամբ՝ տարիներ շարունակ նույն գործելակերպով աշխատած որոշ տնտեսվարողներ դժվարությամբ են հարմարվում նոր պայմաններին, մինչդեռ մայրաքաղաքի զարգացման ընթացքը պահանջում է նոր մոտեցումներ և ծառայությունների ավելի բարձր մակարդակ։

«Կոչ-հորդոր մեր տնտեսվարողներին, ովքեր նախկինից ինչ-որ վարձակալական հիմունքներով տարբեր հատվածներում Երևան քաղաքի տարբեր առևտրային օբյեկտներ են աշխատացնում։ Հարգելիներս, երևի թե ուղղակի ձեր այդ իրավունքը փորձեք վաճառել, որովհետև մենք, վաղ թե ուշ, գալու ենք ձեր հետևից, որովհետև դուք այլևս չեք համապատասխանում Երևան քաղաքի և երևանցիների մերօրյա պահանջներին»,- եզրափակեց Ավինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment