Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին:
«ՄԹ իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին։ Ես դրանց չեմ մասնակցի»,- նշել է Սթարմերը։
Սթարմերը հրաժարական է տվել վարչապետի և Լեյբորիստական կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ «Դաունինգ սթրիթ 10» հասցեում ելույթ ունենալով։
Նա ասել է, որ պաշտոնավարման ընթացքում կայացրած իր յուրաքանչյուր որոշում կապված է եղել «իմ սիրելի երկիրն առաջին տեղում դնելու» հետ։
Սթարմերը շնորհակալություն է հայտնել իր «հիանալի կնոջը՝ Վիկին», նրան անվանելով «ժայռ»։ Նա նաև ասել է, որ ցանկանում է լինել «լավագույն հայրը, որ կարող է լինել իր գեղեցիկ երեխաների համար, ովքեր իմ հպարտությունն ու ուրախությունն են»։
Ամիսներ տեւող քաղաքական ճգնաժամի ֆոնին Քիր Սթարմերը բազմիցս հայտարարել էր, որ չի հեռանալու վարչապետի պաշտոնից։Է
Էնդի Բըրնհեմը, ով կարող է փոխարինել Սթարմերին, այսօր կլինի Վեստմինստերում՝ երդվելու որպես Մեյքերֆիլդի պատգամավոր՝ անցյալ շաբաթ միջանկյալ ընտրություններում հաղթանակ տանելուց հետո։ Նա 2017-ից 2026 թվականներին եղել է Մեծ Մանչեսթրի քաղաքապետ, իսկ 2001-ից 2017 թվականներին՝ Լիի պատգամավոր։ Քաղաքապետ դառնալուց առաջ իր խորհրդարանական կարիերայի ընթացքում նա զբաղեցրել է մի շարք կաբինետային պաշտոններ, 2009-ից 2010 թվականներին՝ առողջապահության պետքարտուղարի պաշտոնը Գորդոն Բրաունի օրոք։ Բըրնհեմը կապված է Լեյբորիստական կուսակցության մեղմ ձախական խմբի հետ։ Նա քաղաքականապես իրեն համարում է սոցիալիստ։