Ֆրանկոֆոն կենտրոնի բացում Քաջարանում

Այդ առիթով լեռնագործների քաղաք էր ժամանել մի պատկառելի պատվիրակություն՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվե Դըկոտինյին, Վիենի քաղաքապետ, «Օվերն-Ռոն-Ալպ Սյունիք» ցանցի նախագահ Թիերի Կովաքսը, Քաջարանի քույր քաղաք Սեն Շամոնի փոխքաղաքապետ Քեթրին Շապարը, «Օվերն-Ռո-Ալպ-Սյունիք» համագործակցության ցանցի քաղաքական կոորդինատոր Լևոն Սաքունցը, պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները, Սյունիքի մարզպետի և Կապանի համայնքապետի տեղակալները, Մեղրիի համայնքապետը և պաշտոնատար այլ անձինք։ Նրանց Քաջարանի մշակույթի պալատում ընդունեցին հավուր պատշաճի, կենտրոնի սաները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, կատարեցին Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների  պետական օրհներգերը։

Իրենց ելույթներում Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, դեսպան Օլիվե Դըկոտինյին, Սեն Շամոնի քաղաքապետ Քեթրին Շապարը, մյուս բանախոսները կարևորեցին կենտրոնի դերը, համոզմունք հայտնելով, որ այն կդառնա հանդիպումների, բարեկամության կենդանի վայր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բացահայտել, կիրառել և տարածել ֆրանսերենը և ֆրանկոֆոն մշակույթը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուսուցողական կենտրոնի ղեկավար Մարինե Ղահրամանյանը ներկայացրեց Քաջարանում Հայաստանի հարավի ֆրանկոֆոն նորարարության և ներդրումների բևեռի ստեղծման նախագիծը։

Ինչպես  պաշտոնական արարողությունից հետո «Սյունյաց երկրին» փոխանցեց ֆրանկոֆոն կենտրոնի համակարգող Արփինե Զեյնալյանը, դասընթացները կենտրոնում մեկնարկել են հունվարի երկրորդ կեսից, սաները ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթի մեջ հմտանում են մի քանի խմբով։ Առայժմ կենտրոն է հաճախում 85 հոգի։ Մեր զրուցակիցը նաև փոխանցեց, որ պարապմունքների ժամանակ իրենք շեշտը դնում են խոսակցականի վրա, որ դյուրին լինի շփվելը ֆրանսիացիների հետ։

Վահրամ Օրբելյան

Leave a comment