Համացանցում ակտիվորեն տարածվում է լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են շինարարական տեխնիկայի կիրառմամբ Ստեփանակերտում քանդում Արցախի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը։
Factor TV-ն ստուգել է լուսանկարը, և AI դետեկտորները ցույց են տալիս բարձր հավանականություն, որ այն գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։
Ֆեյսբուքում լուսանկարը տարածել է քաղաքական ակտիվիստ Մանուել Գրիգորյանը, իսկ ավելի ուշ՝ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի հայտարարությունից հետո, որ լուսանկարում տեղ գտած իրադարձությունը չի հաստատվում, հեռացրել է այն։
Հայտարարության մեջ նաև ասվում է, որ լուսանկարի իսկությունը, դրա ստեղծման ժամանակը, վայրը, ինչպես նաև ներկայացված իրադարձության համապատասխանությունն իրականությանը գտնվում են ստուգման փուլում։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի հայտարարությունից հետո ֆեյսբուքում այս լուսանկարով կիսվել է նաև ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Այսպիսով՝ համացանցում տարածվող լուսանկարը, որտեղ երևում է, թե ինչպես են քանդում Ստեփանակերտում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը, չի հաստատվում ոչ մի աղբյուրով. լուսանկարում ներկայացվածը կեղծ է։
Մարիա Խաչատրյան