Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հունիսի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին՝ ընդգծելով դրանք սահմանված ժամկետներում ավարտելու կարևորությունը:
Քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը քաղաքապետին զեկուցել է աշխատանքների ընթացքի մասին. «Նախագծով նախատեսված է կամրջի հիմնանորոգում, ներառյալ՝ երթևեկելի և հետիոտնային հատվածների վերականգնումը, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգերի նորացումը, ջրամեկուսացման աշխատանքները, հեծանների ու հենարանների վերականգնումը, ինչպես նաև անվտանգության և երթևեկության կազմակերպմանն ուղղված քայլերի իրականացումը»,- նշել է Թևոսյանը:
Ավինյանն իր հերթին դրական է գնահատել կամրջի նորոգման տեմպերը: «Որքան էլ որ այս աշխատանքները կարևոր լինեն և առաջին հերթին ուղղված լինեն անվտանգության ապահովմանը, միևնույն է, դրանք քաղաքում բազմաթիվ խնդիրներ են առաջացնում՝ կապված խցանումների հետ: Ուստի ժամկետների պահպանման և որակի նկատմամբ մեր հսկողությունը պետք է լինի մաքսիմալ խիստ ու հետևողական»,- ընդգծել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ հիմնանորոգման աշխատանքների պատճառով հունիսի 17-ից օգոստոսի 29-ը Կիևյան կամուրջը փակ է լինելու երթևեկության համար: