Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը, սակայն հայկական ծագման արտադրանք դեռևս չկա, կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով, հայտարարել է էկոնոմիկայի նախարարը
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանական ծագման երկու արտադրանք կա, որ եկել է Հայաստան՝ բենզինը և դիզելային վառելիքը, սակայն հայկական ծագման արտադրանք դեռևս չկա, կողմերը փոխանակվել են ապրանքների ցանկերով։
Այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ասուլիսի ժամանակ։
Նա անդրադարձել է Հայաստանից Ադրբեջան արտահանման բացակայությանը և հայտարարել, որ գործընթացի ամենամեծ խոչընդոտն այս պահին շուկաների փոխադարձ անծանոթ լինելն է։
«Շուկաները դեռևս միմյանց բավականին անծանոթ են, ինչպես մեր շուկան՝ իրենց համար, այնպես էլ իրենց շուկան՝ մեզ համար, և սրա համար ժամանակ է պետք», – ասաց Պապոյանն՝ ընդգծելով, որ այդ գործընթացն ավելի շատ գտնվում է մասնավոր հատվածի դաշտում:
Նրա խոսքով՝ պետությունը ստեղծում է պայման՝ քաղաքական պայմանավորվածություններով, ճանապարհների բացվելով, երկաթուղու գործելով, և հիմա այդ պայմանների մի զգալի մասը ստեղծված է, սակայն ոչ ամբողջությամբ։
«Օրինակ՝ ուղիղ երկաթուղային հաղորդակցություն դեռևս չկա, բայց այդ ուղղությամբ աշխատանքը կա, և կլինի դա մի քանի տարի անց. նկատի ունեմ TRIPP-ի գործարկումը: Մինչ այդ կարող է նաև այլ գործիքակազմ աշխատել կամ ճանապարհների ուղիղ հաղորդակցություն: Չնայած մենք բացել ենք, բայց նրանք դեռ չեն օգտվում ճանապարհներից, որպեսզի, ապրանք Հայաստանի միջոցով ենթադրենք, տանեն Թուրքիա և հակառակը»,– նշեց Պապոյանը։
Նրա խոսքով՝ սա մի գործընթաց է, որը բարդ է և ժամանակատար: