Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ քաղաքական ուժերի ներկայացված դիմումները կքննի նույն նիստի շրջանակներում։
«Սահմանադրական դատարանը 2026 թ. հունիսի 21-ի աշխատակարգային նիստում քննության է ընդունել ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը: Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, նշված գործերը միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում»,-նշված է հաղորդագրության մեջ։
Նիստը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Է. Շաթիրյանը, միավորված գործի դատաքննությունն անցկացվելու է բանավոր ընթացակարգով:
Ըստ ԿԸՀ-ի վերջնական արդյունքների՝ խորհրդարանում ՔՊ-ն կունենա 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ:
Հունիսի 19-ին 7 քաղաքական ուժ դիմեց ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ ճանաչելու պահանջով։