Իրանի բանակցային խմբին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցը կմնա փակ այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր ռազմական գործողությունները Լիբանանում և չեն տրամադրվել Լիբանանի տարածքային ամբողջականության պահպանման հստակ երաշխիքներ։
Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
Ըստ տեղեկության՝ Թեհրանը նաև պահանջում է, որպեսզի Միացյալ Նահանգները կատարի իր ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ մեղմացնի իրանական նավթի արտահանման նկատմամբ կիրառվող սահմանափակումները և փոխանցի նախկինում համաձայնեցված ֆինանսական միջոցները։
Միայն այս պայմանների կատարման դեպքում, ըստ աղբյուրի, Իրանը կարող է քննարկել Հորմուզի նեղուցի վերաբացման հարցը։
Հորմուզի նեղուցը համաշխարհային էներգետիկ շուկայի կարևորագույն ռազմավարական ուղիներից մեկն է, որով իրականացվում է նավթի և հեղուկացված գազի զգալի ծավալի միջազգային փոխադրում։