Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով կփակվեն դպրոցները․ վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել

Բաժանորդագրվել

Մի շարք քաղաքներում չեղարկվել է 45 տարի շարունակ նշվող Երաժշտության տոնը։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 35 դեպարտամենտներում՝ կարմիր, իսկ 45-ում՝ վտանգի նարնջագույն մակարդակ են հայտարարել։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այսօր օդի ջերմաստիճանը մի շարք վայրերում, այդ թվում՝ Բորդոյում, հասնելու է 41 աստիճանի։ Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ նման անոմալ շոգի պայմաններում է այսօր անցկացվում արդեն 45 տարի նշվող Երաժշտության տոնը։

Այն դեպարտամենտներում, որտեղ շոգի պատճառով վտանգի կարմիր մակարդակ է հայտարարված, ինչպես նաև նարնջագույն վտանգի մակարդակ ունեցող որոշ դեպարտամենտներում իշխանություններն արգելել են ալկոհոլ օգտագործել փողոցներում՝ առողջական խնդիրների կանխման և հասարակական կարգը պահպանելու համար։

Որոշ քաղաքներում իշխանությունները նույնիսկ որոշել են չեղարկել տոնական միջոցառումները (փառատոնը նշվում է 1982 թ․-ից սկսած Ամառային արևադարձի օրը- խմբ․)։ Մի շարք քաղաքներում էլ որոշում է կայացվել տոնական միջոցառումները սկսել երեկոյան՝ շոգի հարաբերական նահանջից հետո։

Այս ամենին զուգահեռ Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն հայտարարել է, որ հունիսի 22-ից կփակվեն 845 դպրոցներ և քոլեջներ: Դրանց մեծ մասը գտնվում է եղանակային վտանգի կարմիր մակարդակ ունեցող դեպարտամենտներում։ Բացի այդ, մոտ 1800 այլ ուսումնական հաստատություններ կփոխեն ժամանակացույցը՝ դասերն ավարտելով մինչև օրվա երկրորդ կեսի սկիզբը, այսինքն՝ օրվա ամենաշոգ ժամերից առաջ։

Leave a comment