Լեհաստանի և Ուկրաինայի հարաբերություններում ճգնաժամը հասել է լարվածության նոր կետի այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշեց ուկրաինական զորամասերից մեկին շնորհել «ՈՒՊԱ-ի (Ուկրաինական ապստամբական բանակ) հերոսների» անունը։ Ի պատասխան՝ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարեց, որ ուկրաինացի առաջնորդին զրկում է Սպիտակ Արծվի շքանշանից, որը նրան շնորհվել էր 2023 թվականին։
Այս որոշման ֆոնին Լեհաստանում ուշադրություն է գրավել Wirtualna Polska-ի համար United Surveys by IBRiS-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումը՝ նվիրված Վլադիմիր Զելենսկու՝ Լեհաստանի նկատմամբ վերաբերմունքի ընկալմանը։ Հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների 58,3%-ը նրա վերաբերմունքը համարում է բացասական, մինչդեռ 30,1%-ը այն գնահատում է որպես դրական։ Եվս 11,6%-ը դժվարացել է պատասխանել, գրում է Polsat News-ը։
Նրանց թվում, ովքեր ուկրաինացի նախագահի դիրքորոշումը գնահատում են բացասաբար, 33,7%-ը ընտրել է «ավելի շուտ բացասական» տարբերակը, իսկ 24,6%-ը՝ «միանշանակ բացասական»։ Միևնույն ժամանակ 27,4%-ը նրա վերաբերմունքը համարում է «ավելի շուտ դրական», և միայն 2,7%-ը՝ «միանշանակ դրական»։
Հարցումը ցույց է տալիս նկատելի տարբերություններ ընտրազանգվածային խմբերի միջև։ Իշխող կոալիցիայի ընտրողների շրջանում (KO, Lewica, PSL և Polska 2050) կարծիքները բաժանվել են․ 41%-ը կարծում է, որ Զելենսկու վերաբերմունքը Լեհաստանի նկատմամբ դրական է, 39%-ը՝ բացասական, իսկ 19%-ը դժվարացել է պատասխանել։ Ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցների շրջանում (PiS, Konfederacja, Razem և Konfederacja Korony Polskiej) գերակշռում է բացասական գնահատականը՝ 83%-ը կարծում է, որ ուկրաինացի նախագահը բացասաբար է վերաբերվում Լեհաստանին և լեհերին։
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին իր ուղերձում հայտարարել է, որ որոշում է ընդունել Զելենսկուն զրկելու Սպիտակ Արծվի շքանշանից, որը հանձնվել էր 2023 թվականի ապրիլին։ Նա ընդգծել է, որ այս քայլը «ուղղված չէ ուկրաինացի ժողովրդի դեմ» և չի նշանակում Լեհաստանի անվտանգության քաղաքականության ռազմավարական կուրսի փոփոխություն, սակայն «ՈՒՊԱ-ի փառաբանումը» անվանել է անընդունելի։
Վարչապետ Դոնալդ Տուսկը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է, որ առաջնորդների խնդիրը լարվածությունը նվազեցնելն է, այլ ոչ թե այն ուժեղացնելը՝ ընդգծելով, որ «ճակատի գիծն այլ վայրով է անցնում»։
Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերադարձնում է ստացած պարգևը՝ նշելով, որ 2023 թվականին շքանշանը դիտարկվել էր որպես նշան՝ ուղղված ուկրաինացի ժողովրդին և բանակին։ Նա նաև հաստատել է պարգևը լեհական կողմին հետ փոխանցելու փաստը։
Զելենսկին պարգևատրվել էր Սպիտակ Արծվի շքանշանով «Լեհաստանի և Ուկրաինայի միջև բարեկամական և համակողմանի հարաբերությունների ամրապնդման գործում բացառիկ ծառայությունների, Եվրոպայում ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության ոլորտում համագործակցության զարգացման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերած տոկունության համար»։
Հարցումն անցկացվել է մինչև պարգևը հետ կանչելու որոշումը՝ 2026 թվականի հունիսի 12–14-ն ընկած ժամանակահատվածում, Լեհաստանի ողջ տարածքում 1000 հարցվածների մասնակցությամբ։