ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մեկնել է Շվեյցարիա, որտեղ կմասնակցի Իրանի հետ երկարաժամկետ խաղաղության բանակցություններին, հայտնում է CBS News-ը։
Վենսը շաբաթ օրը կեսօրին մեկնել է Էնդրյուսի միացյալ ռազմաբազայից։ Մեկնելուց առաջ նա լրագրողներին հայտնել է, որ Շվեյցարիայում կմնա «մեկ կամ երկու օր», սակայն դրանից հետո այնտեղ կմնան տեխնիկական խմբերը։
Վենսն ասել է, որ իրանական պատվիրակությունը նույնպես ժամանել է Շվեյցարիա։
«Անհամբեր սպասում եմ իրանցիների, պակիստանցիների և կատարցիների հետ տեխնիկական բանակցությունների մեկնարկին», – ասել է Վենսը։
Կատարն ու Պակիստանը ողջ պատերազմի ընթացքում միջնորդի դեր են կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև։
«Կարծում եմ՝ մենք առաջընթաց կգրանցենք միջուկային հարցում, առաջընթաց կգրանցենք նաև Լիբանանում հրադադարի հարցում, – ասել է Վենսը։ – Սրանք երկու կարևոր հարցեր են, որոնց վրա, կարծում եմ, մենք կկենտրոնանանք»։
Սկզբում նախատեսվում էր, որ Վենսը Շվեյցարիա կմեկնի հինգշաբթի, սակայն վերջին պահին նրա այցը հետաձգվել էր։
Այդ ժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ «այս բանակցությունների կազմակերպչական հարցերը երբեք էլ պարզ կամ կանխատեսելի չեն եղել»։