ԱՄՆ-ն և Քաթարը մշակում են Իրանի սառեցված ակտիվների մի մասի ապասառեցման ծրագիր

ԱՄՆ-ն և Քաթարը քննարկում են Իրանի սառեցված ակտիվների մի մասի ապասառեցման հնարավորությունը։ Խոսքը մոտ 6 միլիարդ դոլարի մասին է, որը պահվում է Քաթարում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ ապասառեցումից հետո այդ միջոցները նախատեսվում է տրամադրել Թեհրանին բացառապես հումանիտար նպատակներով՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Քաթարի միջոցով մշակվող այս մեխանիզմը կարող է հետագայում կիրառվել նաև Իրանի այլ սառեցված ակտիվների նկատմամբ։ Տարբեր երկրներում ներկայումս սառեցված է Իրանի շուրջ 100 միլիարդ դոլարի հասնող դրամական միջոց։

Միևնույն ժամանակ, Թեհրանը դեռևս չի համաձայնել առաջարկվող նախաձեռնությանը։ The Wall Street Journal-ի զրուցակիցների խոսքով՝ սա այն բազմաթիվ քայլերից մեկն է, որոնք Վաշինգտոնը նախատեսում է առաջարկել Իրանի հետ առաջիկա բանակցությունների ընթացքում, որտեղ քննարկվելու է նաև Իրանի հարստացված ուրանի ճակատագիրը։

Հաղորդվում է, որ կողմերի միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ԱՄՆ-ը պարտավորվում է Իրանի համար ապահովել հասանելիություն նրա սառեցված ակտիվներին ամբողջ ծավալով։ Սակայն այդ պայմանավորվածության գործնական իրականացման մեխանիզմները դեռևս ենթակա են լրացուցիչ համաձայնեցման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment