Տիկին Կարինեն իր զբաղմունքների՝ նկարչության, կավագործության, ուլունքագործության, հեծանիվ քշելու մասին այնպես է պատմում, կարծես դրանք միշտ եղել են իր կյանքի մասը։ Իրականում այդ ամենով սկսել է զբաղվել վերջին տարիներին՝ «Ձեռքդ տուր» կենտրոնում։ Զրուցում ենք նրա աշխատանքների մասին, ու նա առանձնացնում է մի կտավ։ «Երկու կարապ են, մեկը ես եմ, մյուսը՝ տղաս»,- ասում է նա՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմում զոհված Սիմոն Իսրայելյանին։
Կտավը նրա համար անձնական նշանակություն ունի, իսկ կենտրոնի համար՝ առանձնահատուկ արժեք, որովհետեւ այստեղ ստեղծված առաջին աշխատանքներից է, իսկ Կարինե Դավթյանը՝ ծրագրի առաջին շահառուներից։
«Ձեռքդ տուր»-ը հայ-ֆրանսիական սոցիալ-կրթական ծրագիր է, որը միտված է տարեցների ակտիվ զբաղվածությանն ու սերունդների համերաշխությանը։
Երբ ամեն ինչ իր տեղում էր
Երկար տարիներ աշխատել եմ Տրանսֆորմատորների գործարանում՝ որպես վերահսկիչ։ 90-ականներին, երբ գործարանները փակվեցին, կենտրոնացա ընտանիքիս վրա։ Ամուսնուս, երկու տղաներիս ու հետո նաեւ թոռներիս հետ երջանիկ կյանք էինք ապրում, բայց 2020 թվականին որդիս զոհվեց ու ամեն ինչ փոխվեց։
Առաջին անգամ «Ձեռքդ տուր» եկա 2023 թվականին՝ կարծելով, թե ոչ թե ես եմ նկարելու, այլ՝ աուտիզմ ունեցող 15-ամյա թոռս՝ Դավիթը, որին հաճախ եմ ուղեկցում։ Նրա լոգոպեդը՝ Մարիամն էր հրավիրել միջոցառմանը, նա նաեւ «Ձեռքդ տուր» ծրագրի հիմնադիրներից է։ Դեմ դիմաց մոլբերտներ էին դրված, մեկի մոտ երեխաներն էին նկարում, մյուսի մոտ՝ տատիկները։ Երբ առաջարկեցին նկարել՝ ասացի, որ նկարել չգիտեմ։ Հետո մի քանի պատկեր տվեցին, ընտրեցի կարապներին ու ինքս էլ չհասկացա՝ ինչպես սկսեցի նկարել: Ստացվեց ու հետո այդ կտավում ամբողջ պատմություն տեսա։
«Եթե ես չգնամ, բա ո՞վ գնա»
Սյոմս (Սիմոնը) շատ ընկերներ ուներ։ Աշխատում էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբում։ Այնտեղ նրան մինչ օրս մեծ սիրով են հիշում։ Արդեն հինգ տարի է՝ նրա անվան մրցաշար են անցկացնում, իսկ ակումբում տեղադրված է նրա կիսանդրին։ Թեթեւ ատլետ էր, միաժամանակ նաեւ «Հեքիաթ» մանկապարտեզում ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր։ Երեխաներին շատ էր սիրում։ Ավելի բարձր վարձատրվող աշխատանքի առաջարկը մերժել էր, որ մնա մանկապարտեզում։
Սաները նրան այնքան էին սիրում, որ, երբեմն, հայրերը գալիս էին նրա հետ ծանոթանալու։ Մանկապարտեզում նրա հիշատակին հուշատախտակ կա, իսկ ծննդյան օրը գործընկերներն ու սաները այցելում են Եռաբլուր։
Պահեստազորային էր, լեյտենանտ, բոլոր վարժանքներին մասնակցում էր։ 2020 թվականի սեպտեմբերի 29-ին եկավ, ասաց՝ «մամ, պետք է գնամ զինկոմիսարիատ, զենք ու համազգեստ ունեմ, ինչո՞ւ իմ ծանուցագիրը չի գալիս»։ Նստած զրուցում էինք, հենց այդ պահին էլ ծանուցագիրը բերեցին։ Շատ էր շտապում, բայց հայրը խնդրեց սպասել, մինչեւ ինքը աշխատանքից կգա։ Վերջին օրն էր, որ տեսանք իրար։
Երկու աշխատավայրում էլ խնդրել էին չգնալ, ասել էր.
«Եթե ես չգնամ, բա ո՞վ գնա։ Թողնե՞նք, որ թշնամին հասնի Երեւան։ Ես ձեզ համար եմ գնում»։ Չգիտեմ՝ ճիշտ էր, սխալ էր։ Միայն գիտեմ, որ չէր կարող չգնալ։
Հոկտեմբերի 10-ից լուր չկար։ Զանգում էինք, ասում էին՝ չի կարող պատասխանել, հարմար չէ, այստեղ չէ, բայց արդեն զոհվել էր։ Ամենածանրն այն էր, որ նրա անունը ոչ զոհվածների, ոչ էլ անհետ կորածների ցուցակում չկար։ Չորս ամիս փնտրեցինք, հետո ամուսինս Արցախից յոթ զինծառայողի մարմին բերեց։ Նրանց մեջ նաեւ մեր որդին էր։ 2021 թվականի փետրվարի 5-ին հուղարկավորեցինք Սիմոնին։
Տղաս 34 տարեկան էր։ Մեզ համար նա պարզապես համեստ Սյոմն էր։ Միայն զոհվելուց հետո պատմություններ իմացանք նրա քաջությունների մասին։ Հետմահու պարգեւատրվեց «Արիության համար» մեդալով։ 63 զինծառայող է եղել նրա հրամանատարության տակ։ Երբ դիրքը լքելու հրաման է եղել, ասել է՝ «թող երեխեքը դուրս գան»։ Տղաներին դուրս է բերել, իսկ ինքն այդ գիշեր զոհվել է։
Ռազմաճակատում նրան հանդիպած մարդիկ տարբեր պատմություններ են պատմում ու ամեն անգամ Սիմոնի մասին մի նոր բան ենք իմանում։ Մի օր նույնիսկ ամուսնուս ասացի՝ «Սպարտակ, Սիմոնն այդքա՞ն ուժեղ էր»։ Եռաբլուրում, երբ նայում եմ զոհված տղաներին, հասկանում եմ՝ բոլորն են ուժեղ ու յուրահատուկ։
«Երկու տարի միայն պատարագ էի գնում»
Երբ Սիմոնը կամավոր գնաց, սկսեցի հաճախ եկեղեցի գնալ։ Նրա զոհվելուց հետո շատ փոխվեցի։ Չէի ուզում իմ ցավը որեւէ մեկի վրա տարածել։ Միշտ ակտիվ մարդ եմ եղել, բայց լռակյաց դարձա։ Գրեթե երկու տարի տնից դուրս էի գալիս միայն կիրակի օրերին՝ պատարագ գնալու համար։ Ոնց որ ամաչեի։ Մտածում էի՝ ո՞նց կարող է ծնողը ողջ լինել, երեխան՝ ոչ։
Միասին շատ էինք քայլում, հետո այդ տեղերով չէի ուզում անցնել։ Բոլորը տեսնում էին, որ մենակ եմ, մոտենում էին, խոսում, ու ավելի էր ծանրանում։ Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցին եմ գնում։ Այնտեղի հոգեւորականներն իմ որդիների տարիքի են։ Ինձ էլ մոր պես են ընդունում։ Այնքան ջերմություն եմ ստանում, որ գիտեմ՝ իմ ճիշտ տեղում եմ։
Մուգ գույներից դեպի վառ երանգներ
Հետո իմ կյանքում հայտնվեց նաեւ «Ձեռքդ տուրը»։ Այստեղ նոր մարդիկ, զբաղմունքներ ու նոր ուրախություններ գտա։ Նկարում եմ, տիկնիկներ գործում, կավագործություն ու ուլունքագործություն եմ սովորել, վերջերս նաեւ հեծանիվ եմ սկսել վարել։ Անգլերենի դասերի էլ եմ մասնակցում, դպրոցական գիտելիքներս եմ վերհիշում։ Միայն երգի ու պարի դասերին չեմ կարողանում մասնակցել։
Սկզբում միշտ սեւ հագուստով էի։ Ծրագրի շրջանակում մանկատուն ենք այցելում, տատիկ-թոռնիկ միջոցառումներ կազմակերպում, երեխաների հետ ժամանակ անցկացնում։ Երբ իմացանք առաջին այցի մասին, որոշեցի երեխաների մոտ մռայլ չգնալ ու գունավոր հագուստ ընտրեցի։ Սա իմ ու կենտրոնի համար փոքրիկ հաղթանակ էր։
Այստեղ շատ ընկերներ եմ գտել, նրանցից մեկն էլ Անթառամ Պետրոսյանն է։ Նա շատ ավելի համարձակ է, քան ես, ու մեր մտերմությունն ինձ օգնեց նորից մարդկանց մեջ մտնել։ «Բժշկուհի» եմ ասում նրան, որովհետեւ շատ խիստ է հետեւում իր առողջությանը, իսկ ես՝ հակառակը։ Ցուցումներ է տալիս, ասում է՝ «Կար ջան, կանես, չէ՞», ասում եմ՝ «Իհարկե՝ ոչ» (ծիծաղում է-խմբ․)։
«Մամ, դու այնքան ընկերներ ես ունենալու»
Կենտրոնում ինձ ընդունում են այնպես, ինչպես կամ։ Առհասարակ չեմ սիրում, երբ կորստի մասին իմանալուց հետո սկսում են խորհուրդներ տալ կամ խղճալ, կամ ասում են. «Հասկանում ենք քեզ»։ Ասում եմ՝ «Աստված չանի՝ հասկանաք»։
65 տարեկան եմ, բայց տարիքը պարզապես թիվ է դառնում, երբ անընդհատ նոր բան եմ փորձում այստեղ։ Հիմա, երբ նայում եմ տանը նստած իմ հասակակիցներին, զարմանում եմ, մտածում՝ տան գործին վերջ չկա, մի՞թե ուրիշ հետաքրքրություն չեք ուզում գտնել։ «Ձեռքդ տուրն» իմ կյանքը լուսավորել է։ Մթից հետո որ լուսաբաց է լինում, հիմա արդեն լուսաբացն էլ անցել եմ, մտնում եմ ավելի արեւոտ հատված։
Որդուս՝ Սիմոնի հետ կապը շատ ամուր է եղել միշտ։ Հիմա ամեն ինչի մեջ նրա մի մասնիկն եմ տեսնում ու զգում, շարունակում է ինձ ուժ տալ։ Երբեմն նաեւ զգում եմ՝ ուզում է, որ իմ մեջ կյանքն ապրի։ Չգիտեմ՝ ինչպես էր զգում, բայց մի անգամ ասացի՝ ընտանիքի, տան հոգսերի մեջ շատ եմ խորացել, ես էլ քեզ պես ուզում եմ շատ ընկերներ ունենալ։ Ասաց՝ «Մամ, դու այնքան ընկերներ ես ունենալու, հանկարծ չմտածես»։ Հիմա, երբ նայում եմ շուրջս, հասկանում եմ՝ նրա ասածը կատարվել է։
ՀԳ. «Ձեռքդ տուր» ծրագիրն իր սահմանված ժամկետին մոտ է, բայց շարունակականության ու զարգացման համար պետք են աջակցող մարդիկ։
Կենտրոնում կա թե կամավորների ու տարբեր մասնագետների կարիք, որոնք իրենց փորձով ու հմտություններով կկիսվեն, եւ թե մարդկանց, որոնք կֆինանսավորեն այս ծրագրերը։ Այս աջակցությունը հնարավորություն կտա նաեւ սոցիալական ձեռներեցության հարց լուծել, ինչից հետո կենտրոնը կկարողանա ինքնաֆինանսավորման աղբյուրներ ունենալ։ Բայց մինչ այդ, ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է ֆինանսավորում։
Անի Խչոյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Կարինե Դավթյանի անձնական արխիվից