Ճապոնիայի կառավարությունը որոշել է հուլիսից բարձրացնել օտարերկրացիների համար մուտքի վիզաների տրամադրման վճարները։ Այս մասին հայտնում է Kyodo News-ը։
Մեկանգամյա մուտքի վիզայի վճարը կբարձրանա հնգապատիկ՝ 18 դոլարից հասնելով 90 դոլարի։ Բազմակի մուտքի վիզայի տրամադրման վճարը 36 դոլարից կդառնա 180 դոլար։
Գործակալության փոխանցմամբ՝ սա Ճապոնիայում վիզաների վճարների առաջին բարձրացումն է 1978 թվականից ի վեր։ Որոշումը պայմանավորված է գնաճով և իենի արժեզրկմամբ։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Կառավարությունը չի կարծում, թե այս քայլն անմիջական ազդեցություն կունենա զբոսաշրջության վրա։
Վիզաների վճարների բարձրացմամբ՝ Ճապոնիան նախատեսում է դրանք մոտեցնել «Մեծ յոթնյակի» երկրների մակարդակներին։