ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ նրան անվանելով խելացի, ինքնավստահ և առաջնորդի բացառիկ որակներով օժտված անձնավորություն։
Թրամփի խոսքով՝ Սի Ծինփինը ուժեղ տպավորություն է թողնում ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլև որպես անհատ։
«Նախագահ Սին հոյակապ է։ Եթե ցանկանայիք նրա մասին ֆիլմ նկարահանել, Հոլիվուդում այդպիսի մարդ չէիք գտնի։ Նա տպավորիչ արտաքին ու հիանալի հասակ ունի։ Նա չափազանց ինքնավստահ է և խելացի»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ աշխարհի ղեկավարների շրջանում տարբեր տեսակի առաջնորդներ կան, սակայն պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է համատեղել բարձր ինտելեկտն ու բնավորության ամրությունը։
Բացի Սի Ծինփինից, Թրամփը դրական է արտահայտվել նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրի մասին։ Վերջինիս նա որակել է որպես «հիանալի» առաջնորդի և ընդգծել նրա դերը Իրանի շուրջ ընթացող դիվանագիտական շփումներում։
դիտվել է 130 անգամ