ԿԸՀ-ն հերքել է ընտրողների ստորագրությունների և քվեաթերթիկների միջև 30 հազար տարբերության մասին տեղեկությունները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի միջև իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ ԿԸՀ-ն հիշեցրել է, որ օրենքի համաձայն՝ զորամասերում, քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված ընտրողների ստորագրված ցուցակները չեն հրապարակվում, ինչի հետևանքով հրապարակված ցուցակներում առկա ստորագրությունների թիվը կարող է տարբերվել ընտրությունների մասնակիցների ընդհանուր թվից։

«Կարևորելով հանրությանը պատշաճ և սպառիչ տեղեկատվություն տրամադրելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հանձնառությունն իրազեկում ենք։

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Ընտրական օրենսգրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը սահմանում է․

«Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները, բացառությամբ զորամասում, քրեակատարողական հիմնարկում և ձերբակալված անձանց պահելու վայրում կազմվող` ընտրողների ստորագրված ցուցակների, հրապարակվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով»:

Ընտրական օրենսգրքի կարգավորումը հուշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակների հրապարակված մասի ստորագրությունները և ընտրությունների ընդհանուր մասնակիցների թվերը կարող են տարբերվել։

Կրկին հիշեցնում ենք, որ զորամասերում հաշվառված և քվեարկությանը մասնակցած ընտրողների թվերը որևէ ձևաչափով հրապարակման ենթակա չէ։

Այնուհանդերձ, հարկ ենք համարում պարզաբանել, որ քվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները թյուր են և չեն համապատասխանում իրականությանը։

Հաշվի առնելով վերոգրյալը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment