Տանիքի Կառլսոնը մեծերի ու փոքրերի աշխարհում

«Գեղեցիկ, խելացի ու չափավոր գեր տղամարդ՝ ծաղկունքիս տարիքում». այսպես է ինքն իրեն ներկայացնում հռչակավոր Կառլսոնը։ 
Աստրիդ Լինդգրենի «Տանիքի Կառլսոնը նորից է չարություն անում» վիպակը Մանչուկի եւ Կառլսոնի ընկերության մասին վերջին՝ երրորդ պատմությունն է։ 
«Ամեն ինչ տանիքի Կառլսոնի մասին» գրքի երեք վիպակները գրվել են տարբեր տարիներին եւ հրատարակվել են նախ առանձին, ապա՝ հավաքվել մեկ գրքի մեջ։
Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը` Աշխեն Բախչինյանի թարգմանությամբ, ում հետ զրուցել ենք:
-Ամենահետաքրքիր գրքերը գրեթե միշտ  նախապատմություն ունեն։ Կառլսոնի կերպարն ինչպե՞ս է մտահղացել Լինդգրենը։ 
-Ամուսնությունից հետո որոշելով տնային տնտեսուհի լինել եւ կյանքը նվիրել երեխաներին՝ Աստրիդ Լինդգրենը դստեր հիվանդության ժամանակ սկսում է նրան ամեն օր հեքիաթներ հորինել ու պատմել, որոնք հետագայում գրի է առնում։ Ինչպես թերեւս բոլոր գրողները, նա էլ իր հերոսներին օժտում է շրջապատի մարդկանց ունեցած բնավորության գծերով, հատկանիշներով, ստեղծում է կերպարներ, որոնք անգամ եթե հիշեցնում են ինչ-որ մարդկանց, սակայն այնուամենայնիվ իր երեւակայության եւ մտքի արդյունքն են։ 
Կառլսոնի որոշ հատկանիշներ ունեցող կերպարներ նա արդեն ունեցել է իր ավելի վաղ գործերում, ինչպես օրինակ՝ «Մթնշաղի երկրում» պատմվածքի հերոս պարոն Լիլյոնքվասթը, որ օգնում է փոքրիկ հերոսին չսեւեռվել իր առողջական խնդրի վրա, չտխրել իր միայնության կամ անլիարժեքության պատճառով ու երեւակայական հերոսի հետ լիարժեք ու արկածային կյանքով ապրել։ 
Ի միջի այլոց, այս կերպարի (ինչպես եւ Երկարագուլպա Պիպիի) գաղափարը տվել է Լինդգրենի աղջիկ Կա՛րինը։
-Կարծում եք՝ փոքրահասակ ընթերցողին ավելի սիրելի է Մանչուկի՞ կերպարը, թե՞ Կառլսոնի։
-Այս գիրքը մեր սերնդի մանկական գրականության ամենասիրելի ստեղծագործություներից էր։ Գիրքը կարդալով՝ անշուշտ մտածող երեխային առնվազն երբեմն դուր չի գալու Կառլսոնի վարքը, բայց արդյո՞ք մանուկների համար դա է կարեւոր։ Կարեւոր են արկածները, ծիծաղելի իրավիճակները, կարեւոր է նաեւ թե ինչպես են արձագանքում մեծերը Կառլսոնի չարություններին։ Ծնողներն ամեն դեպքում հարգանքով եւ սիրով են արձագանքում նրանց ընկերությանը, եւ նույնիսկ եթե սկզբում հաճախ են հանկարծակիի գալիս կամ դժգոհում են Կառլսոնի վարքից, ի վերջո հասկանում են, որ իրենց տղայի համար այդ ընկերությունը չափազանց կարեւոր է։ 
-Մեզանում Կառլսոնի կերպարը սիրվել է «Կառլսոնը վերադարձել է» մուլտֆիլմի շնորհիվ, ավագ սերունդը վստահաբար հիշում է Կառլսոնի ձայնը, շարժիչի դզզոցը եւ իհարկե մուլտֆիլմի տպավորիչ կերպարներին։ Խորհրդային տարբերակը սակայն շատ չէ՞ տարբեր բնագրից։
-Մուլտֆիլմում անշուշտ Կառլսոնի կերպարը շատ ավելի հղկված, մեղմացրած է, ինչը հենց ամենամեծ տարբերությունն է գրքի հետ։ Սակայն հրաշալի սցենար է, հայտնի եւ տաղանդավոր նկարիչներ, ձայնային դերասաններ ու անկրկնելի հումոր կա։ 
Մուլտֆիլմում իհարկե շատ արկածներ ու կերպարներ բաց են թողնված, բայց այն ինքնին լիարժեք եւ հրաշալի ստեղծագործություն է։
-Ինչպես նշեցիք, Կառլսոնն առանձնապես օրինակելի կերպար չէ։ Գուցե նա երեխայի այն հատկանիշներն է վեր հանում, որ խիստ դաստիարակության արդյունքում երեխան փորձում է զսպել կամ թաքցնե՞լ իր ներսում։ 
-Կարծում եմ՝ նախեւառաջ երեխայի միայնության հարցն է, պաշտպանված զգալու, մի շարք երազանքների թեկուզ երեւակայական իրականացման։ Ամեն ժամանակ ընկալման իր տարբերակն ունի։ Հետաքրքիր է, թե մեր օրերում պատանի ընթերցողներն ինչպես են ընկալում։
-Կառլսոնին «տնային հոգուն» բնորոշ գծեր վերագրելու մասին ի՞նչ կասեք։ Ի վերջո, մենք չենք կարող մանկական գրքերի պարագայում միայն նրա հետաքրքրաշարժ կամ զվարճալի լինելը կարեւորել՝ անտեսելով ազդեցությունն ու ասելիքը։
– Աստրիդ Լինդգրենն իր բոլոր գործերում չափազանց կարեւորում է հարգանքը երեխայի հանդեպ։ Ապահով, սիրով եւ հարգանքով լի միջավայրում միայն երեխան կարող է անցնել զարգացման բոլոր փուլերը եւ դառնալ լիարժեք անհատ։ 
Հավերժական արժեքները, ինչպես ընկերասիրությունը, արդարամտությունը, հարգանքն իրար հանդեպ, այնպիսի աշխարհի կառուցում, որտեղ ամեն ոք իր տեղը կգտնի, կկարողանա բացահայտել իր լավագույն հատկություններն ու կարողությունները։ 
-Կարո՞ղ ենք ասել, որ սա պատմություն է միայնակ փոքրիկ տղայի մասին։ 
-Միայնակ փոքրիկ տղայի, ընտանիքում իր տեղը, իր ցանկություններն արտահայտել ցանկացող երեխայի, աշխարհում լավագույնս դրսեւորվել ցանկացող անհատի։ Ամբողջ բազմազանության մեջ յուրաքանչյուրի համար առկա հարգանքով ու սիրով լի միջավայր ունենալու, բազմազանությունը գնահատող հասարակություն երազող անհատի։ 
-Սմարթֆոնների աշխարհում երեխայի միայնակ լինելու վտանգն ավելի է ընդգծվում։ Մի տարբերությամբ, որ նա չի ստեղծում երեւակայական կերպարներ, այլ կարող է ապրել արդեն ստեղծված երեւակայական աշխարհներում։ Գիրքն այս տեսակետից ի՞նչ կարող է տալ այսօրվա ընթերցողին։
-Ամեն ժամանակ իր մարտահրավերներն ունի. բայց հավերժական արժեքներ կան։ Գիրքը, ամեն դեպքում, մտածողություն է զարգացնում, կապող օղակ է դարերի միջեւ։ 
Գրքից կտրվելն ու վիրտուալ աշխարհում շատ լինելն է սահմանափակում երեխայի մտածողությունը, խոսքը, բառապաշարը, նեղացնում է տեսադաշտը, զրկում է կյանքը շատ գույներից, կյանքը լիարժեք ընկալելու կարողությունից։ Պետք է փորձել երեխային գրքի հետ կապել արդեն վաղ տարիքից սկսած։ 
-Ի՞նչ կասեք թարգմանության մասին, գրողի լեզվաոճային առանձնահատկությունների։ 
-Աստրիդ Լինդգրենի գրեթե բոլոր գործերում անչափ բարություն եւ հումոր կա։ Ոճը թեթեւ է, լեզուն չափազանց գունեղ ու պատկերավոր։ Դե թարգմանելիս էլ ես, որքան հնարավոր է, փորձել եմ պահպանել այդ ամենը։ Ամեն հաղթահարած կատակ կամ բառախաղ իմ համար հաղթանակ է։ Քանի որ, որպես ամենադժվար թարգմանելի, հաճախ թարգմանելու անհնարինության պատճառով՝ նման արտահայտությունները կարող են դուրս մնալ՝ նվազեցնելով արտահայտչականությունը։
Արմինե Սարգսյան

Leave a comment