Փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված պահանջներից հիմնականը ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն ու վերաքվեարկություն անցկացնելն է՝ ապահովելով իրավունքի գերակայության սկզբունքի պահպանումը։
Նրա խոսքով՝ բողոքում տեղ են գտել ընտրական գործընթացի ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ, այդ թվում՝ քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումների, արհեստական քրեական գործերի, բերման ենթարկումների և վարկաբեկման փորձերի վերաբերյալ պնդումներ։
Օրբելյանն անդրադարձել է նաև քննարկումների առարկա դարձած՝ «Զվարթնոց» օդանավակայանից Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի տարածմանը։
Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները վկայում են մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության և պետական մարմինների պարտավորությունների վերաբերյալ թերի պատկերացումների մասին։
«Ի՞նչ է նշանակում, որ ԱԱԾ-ն երբ ցանկանա կարող է տարածել այդ տեղեկատվությունը։ ԱԱԾ-ն իրավունք չունի որևէ տեղեկատվություն տարածելու»,- նշել է փաստաբանը։
Փաստաբանը խսելով ՍԴ ներկայացվող դիմումների մասին, հայտնել է՝ ակնկալում են վերաքվեարկության անցկացում՝ օրենքով սահմանված կարգով և բոլոր ընթացակարգերի պահպանմամբ։
Միաժամանակ նա նշել է, որ որպես այլընտրանքային տարբերակ դիտարկվում է մանդատների բաշխման այլ մեխանիզմի կիրառումը։
Օրբելյանի խոսքով՝ եթե հաշվի առնվեն ներկայացված հաշվարկները, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է Ազգային ժողով անցնելու համար անհրաժեշտ շեմը և կարող է ներկայացված լինել խորհրդարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։