ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է կենսաբազմազանության ֆինանսավորման գործնական մեխանիզմների քննարկումներին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնության» (BIOFIN) 12-րդ տարածաշրջանային երկխոսության շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով բնապահպանական նպատակների և պետական ֆինանսների կառավարման միջև սերտ փոխկապակցվածությունը։
Ելույթում Էդգար Մկրտչյանն առանձնահատուկ կերպով ընդգծել է, որ Հայաստանում BIOFIN գործընթացը Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական կարևոր բաղադրիչ է։ Նշվել է, որ BIOFIN-ի գործընթացի հիմնական նպատակն է լայնածավալ բնապահպանական նպատակները վերածել գործնական հանրային ֆինանսական գործիքների՝ մշակելով տեխնիկապես հիմնավորված, հարկաբյուջետային առումով պատասխանատու և ինստիտուցիոնալ առումով իրագործելի լուծումներ:
Որպես կարևոր ձեռքբերումներ՝ առանձնացվել են Նորվեգիայի կառավարության և ՄԱԶԾ BIOFIN նախաձեռնության աջակցությամբ մեկնարկած «Կենսաբազմազանության բյուջետային ծախսերի նշագրման» (Biodiversity Budget Tagging) գործիքի ներդրման աշխատանքները, որոնք հնարավորություն կտան բարելավելու բնապահպանական ծախսերի թափանցիկությունը և դրանք դարձնելու միջնաժամկետ ծախսային պլանավորման անբաժանելի մաս։
Միաժամանակ, Էդգար Մկրտչյանը կարևորել է պետական աջակցության ծրագրերի վերանայումը և գյուղատնտեսության և սոցիալական զարգացման վրա դրանց դրական ազդեցությունը առավելագույնի հասցնելը:
Ամփոփելով ելույթը՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կենսաբազմազանության ֆինանսավորման օրակարգն առաջ մղելու համար, և ներկաներին հրավիրել է Երևան՝ մասնակցելու հոկտեմբերին կայանալիք COP 17 համաժողովին։
Եռօրյա այս միջոցառումը միավորել էր շուրջ 30 երկրների 135 պետական ոլորտի և ՄԱԶԾ ներկայացուցիչների, փորձագետների և ֆինանսավորման ոլորտի գործընկերների՝ փորձի փոխանակման և գործնական քննարկումների համար՝ այն մասին, թե ինչպես կարող են երկրներն ավելի արդյունավետ ֆինանսավորել բնության պաշտպանությունը, դիմակայունությունը և կայուն զարգացումը։