Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»

Քաղաքականություն

19.06.2026 | 15:40

Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը հայտարարել է, որ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի», այն բանից հետո, երբ ուրբաթ գիշերը Լիբանանի տարածքում «Հըզբոլլահ»-ի կողմից իրականացված պայթուցիկ սարքի պայթյունից զոհվել են չորս իսրայելցի զինվորներ, գրում է CNN-ը։

«Իսրայելցի մոր թափած յուրաքանչյուր արցունքի համար հազարավոր լիբանանցի մայրեր պետք է լաց լինեն։ Ամբողջ Լիբանանը պետք է այրվի»,- ասել է Բեն Գվիրը X-ում։

Բեն Գվիրը բազմիցս պնդել է Իսրայելի կողմից Լիբանանում ավելի ինտենսիվ հարվածների, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութի վրա հարձակումների անհրաժեշտության մասին, նույնիսկ այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստիպել է Իսրայելին կրճատել իր հարձակումները։

«Ամերիկացիների նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ՝ Իսրայելը պետք է ամբողջ աշխարհին հստակեցնի, որ մեր որդիների արյունը և մեր քաղաքացիների անվտանգությունը զոհաբերության ենթակա չեն»,- ասել է Բեն Գվիրը։

Աջ ծայրահեղական ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն էլ ասել է, որ սա «դժվար առավոտ» է՝ պատասխանի կոչ անելով։

«Ժամանակն է կրակով խոսելու՝ դժոխքի դարպասները բացելու համար»,- գրել է նա X-ում։

Իսրայելական ուժերը գրավել են հարավային Լիբանանի լայն տարածք։ Երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հստակեցրել է, որ մտադիր չեն դուրս գալ այդ տարածքներից։ Մինչդեռ ԱՄՆ-ի հետ խաղաղության բանակցություններում Լիբանանում հրադադարն ու իսրայելական զորքերի դուրսբերումն Իրանի առանցքային պայմաններից են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment