Ադրբեջանը դեռ 10-ից ավելի շահած գործերով փոխհատուցում չի տրամադրել

   Ադրբեջանը դեռ 10-ից ավելի շահած գործերով փոխհատուցում չի տրամադրել

Քաղաքականություն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը  ապրիլյան պատերազմում ադրբեջանական ուժերի կողմից հայ զինծառայողի սպանության, խոշտանգման և գլխատման դեպքով պարտավորեցրել է Ադրբեջանին փոխհատուցել 100000 եվրոյից ավելի գումար։

Ադրբեջանը պարտավոր է  երեք ամսվա ընթացքում վճարել արդարացի փոխհատուցում`60,000 եվրո՝  հայ զինծառայող Հ.Տ.-ի ծնողներին (ոչ նյութական վնաս), 30,000 եվրո՝ նրա քրոջը (ոչ նյութական վնաս),  14,210 եվրո՝ դատական եւ այլ ծախսերի համար:

Իսկ ինչպե՞ս է այդ գումարը Ադրբեջանը փոխանցելու դիմումատուին։  Դատարանում դիմողների ներկայացուցիչ,  «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն»-ի ղեկավար Սիրանուշ Սահակյանն «Ա1+»-ի հետ զրույցում հիշեցնում է, որ գումարը պետք է վճարվի Ադրբեջանի պետական բյուջեից։

Դիմումատուն,  նաեւ փաստաբանները առանձին հաշվեհամարներ են ներկայացրել դատարանի կատարողական վարչություն՝  այդ գումարները վճարելու համար։

   Սիրանուշ Սահակյանն այստեղ  խնդիր է բարձրաձայնում՝ ունենք 10-ից ավելի շահած գործեր՝ ընդդեմ Ադրբեջանի, սակայն մինչ այժմ փոխհատուցում չի տրամադրվել։ Նրանք առաջիկայում պատրաստվում են խախտման ընթացակարգով դիմել Ադրբեջանի դեմ։

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 5-ին հաստատված հրադադարից հետո կողմերը փոխանակել են զոհվածների մարմինները, և հայկական կողմը հաղորդել էր խեղանդամ՝ գլուխներից, ձեռքերից կամ ականջներից զրկված մարմինների վերադարձի մասին: Նմանատիպ պնդումներով ներկայումս քննության փուլում են եւս 21 գանգատներ:

Leave a comment