Քաղաքականություն
19.06.2026 | 12:57
Իսրայելի կողմից հարավային Լիբանանին հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ։ Այս մասին հաղորդում է լիբանանյան պետական NNA լրատվական գործակալությունը։ Մինչդեռ Իսրայելը հայտարարել է, որ գիշերը սկսված հարձակումներն ուղղված էին մի քանի տարածքներում «Հըզբոլլահ»-ի թիրախների դեմ, գրում է France 24-ը։
Բնակիչները և տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Իսրայելի օդային հարվածներն ու հրետակոծությունները Նաբաթիե շրջանի մի քանի քաղաքներին հասցվել են գիշերը և ուրբաթ վաղ առավոտյան, ինչը, ըստ NNA-ի, վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղներից էր։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հըզբոլլահ»-ի զինյալներին և ենթակառուցվածքներին հարավային մի քանի վայրերում։ Իսրայելական կողմը նաև հայտնել է, որ վերջին սրացումից ի վեր ամենամահաբեր միջադեպերից մեկի ժամանակ զոհվել է չորս զինվոր։
Սրացումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից, երբ Իսրայելը հրապարակել էր քարտեզ, որը ցույց էր տալիս հարավային Լիբանանում ընդլայնված ռազմական վերահսկողության գոտին, նաև չէր բացառել դրանից այն կողմ հարձակումները, ինչը կասկածի տակ է դնում չորեքշաբթի ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված ժամանակավոր խաղաղության համաձայնագիրը, որը հստակորեն ներառում է Լիբանանում մարտական գործողությունների դադարեցումը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի