Թրամփն Իրանի հետ համաձայնագիրն «անվերապահ կապիտուլյացիա» է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Իրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը հավասարազոր է «անվերապահ կապիտուլյացիայի)», և որ հակամարտությունը ցույց է տվել նրա նախագահական լայն լիազորությունները, գրում է CNN-ը։

«Մենք, անկասկած, ունենք աշխարհի ամենահզոր բանակը»,- ասել է Թրամփը Axios-ի լրագրող Մարկ Կապուտոյին տված հարցազրույցում։

Դիտարկմանը, որ հակամարտության սկզբում Թրամփը խոսել է այն մասին, որ ցանկանում է միայն անվերապահ կապիտուլյացիա, իսկ «հուշագիրը չի նմանվում դրան», ԱՄՆ նախագահն արձագանքել է․ «Դե, դա իսկապես, հավանաբար, անվերապահ կապիտուլյացիա է»։

Այս մեկնաբանությունները հնչում են այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը սկիզբ է դնում պատերազմի ավարտին ուղղված վերջնական համաձայնագրի 60-օրյա բանակցային շրջանին։

Հանրապետական ​​կուսակցության սենատորների զգալի մասը, սակայն, սկսել է բացահայտորեն կասկածի տակ դնել Թրամփի՝ Իրանի շուրջ բանակցությունների պայմանները, որոնցից շատերը նրան կոչ են անում ամբողջությամբ փոխել իր ռազմավարությունը։

Axios-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, ինչ է սովորել իշխանության կիրառման և իր իշխանության սահմանափակումների մասին հակամարտության արդյունքում, Թրամփն ասել է՝ «սահմանափակումներ չկան»։

«Ոչ մի։ Ես դեռ չեմ սովորել այդ դասը։ Գիտեմ, որ կան, բայց դուք գիտեք, որ սահմանափակումներ չկան։ Մենք նրանց ռազմական առումով լիովին հաղթել ենք»,- պնդել է Թրամփը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment