Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը վճռականորեն կպաշտպանի իր շահերը և կարձագանքի ցանկացած ճնշման կամ պայմանավորվածությունների խախտման։
«Գերագույն առաջնորդի կողմից մեր առջև դրված խնդիրն է ապահովել համաձայնագրի պայմանների և դրույթների կատարումը։ Եթե հակառակ կողմը դրսևորի անբարեխղճություն, խախտի պայմանավորվածությունները կամ առաջ քաշի չափազանցված պահանջներ, մենք առանց վարանելու կտրուկ պատասխան կտանք թշնամուն»,-գրել է նա X սոցիալական հարթակում։
Ղալիբաֆը նաև հիշեցրել է անցյալում տեղի ունեցած հակամարտությունները՝ ընդգծելով, որ Իրանը պատրաստ է ավելի կոշտ արձագանքի։
«Մի անգամ պատերազմի ընթացքում նրանք արդեն ապտակ են ստացել։ Եթե կրկին ընտրեն այդ ճանապարհը, ապա կստանան ավելի ուժեղ ապտակ»,-նշել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Նրա հայտարարությունը հնչում է տարածաշրջանային լարվածության և Իրանի ու ԱՄՆ-ի միջև շարունակվող տարաձայնությունների ֆոնին, երբ կողմերի միջև բանակցային գործընթացի և անվտանգության հարցերի շուրջ քննարկումները շարունակում են մնալ միջազգային ուշադրության կենտրոնում։