Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին, ՊՆ-ում չեղարկել են, ՆԳՆ-ում՝ ոչ․ Մամուլը՝ սուրճով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Նախընտրական քարոզարշավի օրերին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Ծառուկյանի գործերով արձակուրդից հետո կզբաղվի։ Եվ ահա՝

Ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանում, կարծես, սկսել են բացել հին պայմանագրերի դարակները։

Եվ, կարծես, այդ դարակներում միայն փոշի չէ, որ կուտակված է։

Մեր տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում է ուղարկվել՝ ընկերության հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագրից հրաժարվելու մասին։

Ընկերությունը նախազգուշացվել է, որ մեկ ամսվա ընթացքում պետք է հողամասը և շինությունը վերադարձնի Երևան համայնքին։

Քաղաքային կուլիսներում արդեն շշուկներ կան՝ «Մուլտի Ուելնեսը» միայն սկիզբն է։

Հիշեցնենք՝ դատախազությունն էլ Ծառուկյանի «Արարատցեմենտը» պետականացնելու գործընթաց է սկսել»։

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։

Տեղեկություններ կան, որ գործող նախագահ Վահագն Խաչատուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, ոմանց կարծիքով՝ մինչեւ վերջնաժամկետ չի կարողանա պաշտոնավարել, եւ դրանով են պայմանավորված այդ բաղձալի ու դեռ չազատված պաշտոնը զբաղեցնելուն ուղղված հավակնությունները:

Դա հոյակապ պաշտոն է` ոչինչ չանելու, ճոխ աշխատավարձ ստանալու եւ ամբողջ տարին շրջագայելու սեր ունեցողների համար։ Խաչատուրյանը նախագահի պաշտոնում ընտրվել է 2022 թ․՝ յոթ տարի ժամկետով։

Նրա տեղին, ըստ լուրերի, հավակնում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ինչպես նաեւ՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Անցած անգամ եւս կար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, սակայն թիմը կտրականապես դեմ է եղել նրան:

 

«Հրապարակ» թերթը գրում է.

Շաբաթներ առաջ հրապարակում էինք արել, որ պաշտպանության համակարգում մայիսի 28-ի շքերթին եւ համապետական ընտրություններին ընդառաջ նախատեսում են պարգեւավճարներ բաժանել, սակայն մեր հրապարակումից հետո, ըստ ամենայնի՝ նաեւ հրապարակման պատճառով, այդ գործընթացը կասեցվեց։ ՊՆ-ում ի սկզբանե աշխատակազմին ասել էին, թե չեղարկվում է այդ խոստումը։

Տեղեկացանք, սակայն, որ ՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ, այնուամենայնիվ, պարգեւատրել են աշխատակիցներին, համենայնդեպս՝ որոշ ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ըստ մեր աղբյուրի, «նախընտրական կաշառքի» տեսքով պարգեւավճարներ են ստացել։

Leave a comment