Պաշտոնյաներն ու դիվանագետները Euractiv-ին հայտնել են, որ Կալլասը Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի վերաբերմունքը համեմատել է մինչև 1990-ականների սկիզբը Հարավային Աֆրիկայում գոյություն ունեցող ապարտեիդի համակարգի հետ։
Սաարը հավելել է, որ «մինչ օրս այս խիստ հայտարարության վերաբերյալ որևէ հերքում, պարզաբանում կամ պատասխան չի եղել», ինչի հետևանքով «խզում է տիկին Կալլասի հետ բոլոր կապերը, մինչև նա չհրաժարվի աշխարհի միակ հրեական պետությանն ուղղված զրպարտությունից, որը նաև Մերձավոր Արևելքի միակ ժողովրդավարությունն է»։
Իր հերթին, Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն հավատարիմ է Իսրայելի հետ «կառուցողական հարաբերություններին»։
«Սիրելի՛ Գիդեոն, ինչպես գիտեք՝ ԵՄ-ն և Իսրայելը միմյանց կապող շատ բան ունեն։ Ես գնահատում եմ մեր երկխոսությունն ու ներգրավվածությունը, և ես բաց եմ շարունակելու այդ ոգով՝ հարգալից և կառուցողական։ Երկխոսությունը դիվանագիտության հիմքն է, հատկապես, երբ տարաձայնություններ են առաջանում։ ԵՄ-ն միշտ հանձնառու է Իսրայելի հետ կառուցողական հարաբերություններին»,- գրել է Կալլասը X-ում։
Ակնհայտորեն մերժելով Սաարի մեղադրանքը, որ նա գործել է «մոլուցքով և ակնհայտ անարդարությամբ» Իսրայելի նկատմամբ, Կալլասը վերահաստատել է ԵՄ-ի դիրքորոշումը, որ երկու պետությունների լուծումը «միակ կենսունակ ուղին է» «Մերձավոր Արևելքում խաղաղություն բերելու» համար, և որ դաշինքը «դատապարտել է Արևմտյան ափին Իսրայելի կողմից կառուցվող անօրինական բնակավայրերը, որոնք ավելի ու ավելի են դժվարացնում այդ նպատակին հասնելը»։