ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վերահաստատել է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ Եվրամիության նախկինում հայտարարված դիրքորոշումը և մերժել Իսրայելի նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեղադրանքները։
«Ես շատ լավ, բաց և անկեղծ, երբեմն նաև բավական բարդ քննարկումներ եմ ունեցել նախարար (Իսրայելի արտգործնախարար Գիդեոն) Սաարի հետ, որոնք, իմ կարծիքով, եղել են բավական կառուցողական։ Մենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը»,- ասել է Կալասը։
Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է շարունակել երկխոսությունը Իսրայելի հետ՝ չնայած այն հանգամանքին, որ Իսրայելի արտգործնախարարը, Մերձավոր Արևելքի քաղաքականության և իր հայտարարությունների շուրջ տարաձայնությունների պատճառով, որոշել է դադարեցնել կապերը նրա հետ։
«Մենք բոլոր հարցերում համաձայն չենք իսրայելցիների հետ, մասնավորապես՝ Արևմտյան ափին վերաբնակիչների բռնի գործողությունների և բնակավայրերի ընդլայնման հարցում։ Մենք շատ քննադատաբար ենք վերաբերվում դրան»,- նշել է նա։
Կալասը շեշտել է, որ Եվրամիությունը շարունակում է պաշտպանել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը երկու պետության սկզբունքի հիման վրա, իսկ վերաբնակիչների գործողությունները գործնականում անհնարին են դարձնում այդ նպատակի իրականացումը։ Նա նաև ընդգծել է, որ ԵՄ-ն կոչ է անում ապահովել հումանիտար օգնության անխոչընդոտ մուտքը Գազա։
Կալասը հրաժարվել է մեկնաբանել իր՝ իբր փակ դռների հետևում արված հայտարարությունների մասին պնդումները։
«Ես չեմ պատրաստվում պայքարել ստվերների դեմ։ Ինչ-որ մեկը ասում է, թե ես ինչ-որ տեղ ինչ-որ բան եմ ասել։ Եկեք առաջնորդվենք այն հայտարարություններով, որոնք ես անում եմ հրապարակայնորեն»,- նշել է նա։