Իրանը չի համարի, որ խաղաղությունը լիովին հաստատվել է, քանի դեռ իսրայելական զորքերը չեն լքել Լիբանանի տարածքը։ Այս մասին լիբանանյան «Ալ-Ախբար» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ ստորագրված փաստաթուղթը ներառում է Լիբանանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության երաշխավորման պարտավորություն, ինչը ենթադրում է, որ օկուպացիոն ուժերը պետք է հեռանան լիբանանյան հողից։
«Մենք պատրաստ ենք պատերազմի ավարտին, սակայն այն չի ավարտվի, քանի դեռ սիոնիստական թշնամին շարունակում է մնալ այնտեղ»,-նշել է նա։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ Թեհրանը չի փոխում իր քաղաքական վերաբերմունքը Իսրայելի նկատմամբ, սակայն պարտավորվում է չդիմել նրա դեմ թշնամական գործողությունների։ Նրա խոսքով՝ նույն պարտավորությունը վերաբերում է նաև Իրանի դաշնակիցներին երկրի սահմաններից դուրս։
«Իսրայելը փաստաթղթում չի հիշատակվում, և մեր վերաբերմունքը այդ, ինչպես մենք բնորոշում ենք, հանցավոր ռեժիմի նկատմամբ մնում է անփոփոխ։ Սակայն համաձայնագիրը վերաբերում է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ մի կողմից, և Իրանի ու նրա դաշնակիցների՝ մյուս կողմից պատերազմի ավարտին»,-հավելել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։